Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ. Հայաստանում բնակվողների 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ, 26 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ, 12-ը դժվարացել է պատասխանել։ Այս տվյալներն են հրապարակվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցման հետեւանքով: Փաստորեն, շատ նվազել է այդ մարդկանց տոկոսը, որոնք համարում են, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում. սա շատ ցածր ցուցանիշ է, եւ երբեք այդքան ցածր չի եղել: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այս առնչությամբ ասաց. «Կուզենայի, որ հստակ լիներ, թե ինչ է նշանակում ճիշտ ուղղություն, սխալ ուղղություն, ի՞նչ բաղադրիչներ են մտնում՝ ենթադրում եմ, անվտանգություն, սոցիալական հարցեր, արդարություն եւ այլն»: Ըստ նրա՝ սա «խոհանոցային»՝ խուլ դժգոհություն է, ու Հայաստանն այժմ մտել է լճացման փուլ. «Բայց սա նաեւ ցույց է տալիս, որ արդեն կա կուտակված բավականին լուրջ բողոքական էներգետիկա, գուցե նաեւ բողոքական ընտրազանգված, որը սպասում է իր առաջնորդին»:
Հարցման որոշ արդյունքներ անհնար է մեջբերել՝ առանց դրանք զուգադրելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» նախընտրական կարգախոսի: Հարցվածների 18 տոկոսը պատասխանել է, որ կա «հավատ, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի», 2021 թվականի հուլիսին, ըստ IRI հարցման, 26 տոկոսն էր այսպիսի պատասխան տվել, այսինքն՝ ապագայի հանդեպ հավատ ունեցողների թիվը նվազել է։ 26 տոկոսն այժմ միայն հույս ունի, որ ապագան որոշ չափով ավելի լավը կլինի, 35 տոկոսը վախ ունի ապագայի նկատմամբ, 20 տոկոսն էլ նշում է, որ հավատը լրիվ կորցրել է։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մասնավորապես, նշեց. «Եթե այդ հարցն ինձ տային, թե ապագա կամ ոչ, ապագան ավելի լա՞վը կլինի, քան հիմա՝ ես կասեի, որ ապագա կա եւ այն ավելի լավը կլինի: Քանի որ եթե ասես՝ ապագան վատն է լինելու, նշանակում է՝ ապրելն անիմաստ է եւ ինչ որ բան անելն իմաստազուրկ: Բայց հարցն այլ է՝ արդյոք ապագա կա՞ այս իշխանության ղեկավարման դեպքում: Ապագա կա՞, եթե երկրում չլինեն փոփոխություններ․․»:
Հարցվածների 35 տոկոսը պատասխանել է, որ կա «անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի համար», 2021 թվականի հուլիսին հարցվածների 21 տոկոսն էր այսպիսի պատասխան տվել, այսինքն՝ անհանգստություն զգացողների թիվը ևս ավելացել է։ 20 տոկոսը պատասխանել է, որ կա «լիակատար հիասթափություն, հավատի բացակայություն ցանկացած բարելավման հանդեպ», 2021 թվականին այսպես էր կարծում հարցվածների 17 տոկոսը։ Վիգեն Հակոբյանը զարմանալի համարեց, որ ընդամենը 35 տոկոսն իրեն ապահով չի զգում. «Կարծում եմ՝ վաղուց ժամանակն էր իսկապես ոչ թե զգալու, որ ապահով չեն, այլ ընդհանրապես արդեն վախենալու ներկայի վերաբերյալ՝ ոչ թե ապագայի։ Այսինքն՝ այս բացասական տրամադրվածությունների աճի միտումը դեռեւս բավականին ցածր տեմպով է գնում, քանի որ իրավիճակը մեր երկրում՝ թե Հայաստանում, թե առավել եւս Արցախում, այլ տեմպեր է պահանջում»։
Հարցվածների կեսից ավելին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը հետընթաց է ապրել։ Հարցման մասնակիցների 93%-ը նշել է, որ Հայաստանի համար քաղաքական սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանը, 89%-ն ասել է՝ Թուրքիան, 24%-ը՝ Ռուսաստանը։ Տնտեսական սպառնալիք, ըստ քաղաքացիների, ավելի շատ ներկայացնում են Թուրքիան, հետո Ադրբեջանը և Ռուսաստանը։ Ըստ այդմ՝ իշխանության վարած քաղաքականությունը, որ վերաբերում է թե «խաղաղության պայմանագրին», թե Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման փորձերին՝ չե՞ն արտացոլում հանրության տրամադրությունները՝ այս հարցին Ստեփան Դանիելյանն արձագանքեց․ «Ծիծաղելի կլինի, եթե ասեն, թե Արցախի հարցում կա առաջընթաց կամ հետընթաց․․․տվել՝ ավերել են ամեն ինչ։ Սա հետընթաց որակելու համար ցինիզմի շատ բարձր տոկոս է պետք»։
Կարդացեք նաև
Ստեփան Դանիելյանը նաեւ կարծիք հայտնեց, թե հանրության մեծ մասին առաջին հերթին սոցիալական հարցերն են հետաքրքրում՝ եւ ոչ Արցախի, եւ անգամ Սյունիքի խնդիրները։ Մինչդեռ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 60 տոկոսը որպես երկրում առկա առաջնային խնդիրներ է նշել ազգային անվտանգության և սահմանային խնդիրները, ինչն ավելի քան երկու անգամ մեծ է տնտեսական խնդիրներն առաջնային համարողների թվից: Այս մասին հիշատակմանն ի պատասխան՝ պրն Դանիելյանն ասաց, որ նաեւ այլ հարցումներով են առավել առաջնային անվտանգային խնդիրները․ «Բայց ռեալ, երբ քննարկումներ են լինում ֆոկուս խմբերում եւ այլն՝ մարդկանց մեծ մասին առաջին հերթին հետաքրքրում են սոցիալական խնդիրները։ Եվ ամենամեծ էմոցիաներն առաջացնում են սոցիալական քննարկումները՝ աշխատավարձ եւ այլն։ Մարդիկ ասում են՝ սոված ենք, ընտանիքը չենք կարողանում պահել՝ ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ Սյունիք»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ