«Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ «Հաղթեցին ապրելով» փաստավավերագրական ֆիլմին ուղղված հանգանակության երեկոն։ Ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի հիման վրա։
Գիրքը պատմում է Ցեղասպանությունից փրկված 34 կանանց պատմությունները։ Ի դեպ, դրամահավաքին վաճառքի էին դրված գրքի օրինակներ, որոնք հնարավոր էր ձեռք բերել հեղինակի մակագրությամբ:
Կարդացեք նաև
«Շնորհակալ եմ, որ մեզ հետ կիսում եք այն խորհուրդը, որ դրված է այս միջոցառման հիմքում: Ես կարծում եմ, որ մենք դեռ խորհելու բան ունենք, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Եվ ինչպես է ստացվել, որ դարերով անցնելով արհավիրքների ու ոճիրների միջով, հասել ենք այս օրեր»,- երեկոյին ասաց «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով, հայ ժողովրդի գոյատեւման գրավականը եղել են այն առաքինությունները, որ կրել է մեր ժողովուրդը, սակայն, այժմ ցավոք սրտի, հեռացել է դրանից. «Որպեսզի նորից վերաիմաստավորենք մեր անելիքը, պարտավոր ենք դրանք զգալ, հասկանալ այն առաքելությունը, որի համար այս ժողովուրդը հասել է այս օրեր…
Այս օրերին մեր աչքի առջեւ մեր պատմությունը կրկնվում է, տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին եւս սխալվեցինք ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի: Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլեւ նույն սխալները՝ մեր կողմից: Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ այդ դասերը չենք քաղել»:
Մանե Թանդիլյանը, անդրադառնալով «Հաղթեցին ապրելով» փաստավավերագրական ֆիլմին ուղղված հանգանակությանը, ասաց, որ «Ապրելու» բարեգործական հիմնադրամը կրկնապատկելու է հավաքված գումարը: «Թարգմանելն ու տարածելը, մասնավորապես թուրքերեն թարգմանելը, պիտի ծառայի նպատակին, որպեսզի աշխարհն իմանա ինչ է կատարվել, նաեւ իմանա, որ մենք չենք հանձնվել, չենք հանձնվելու եւ մեզանից լավագույնները դեռ մղելու են մեր պետությունն առաջ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ