Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի անց 3 գյուղական բնակավայր վերջապես կգազաֆիկացվի

Մայիս 13,2023 17:10

Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքին միացած 3 գյուղական բնակավայրերը կգազաֆիկացվեն: Տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, նշելով, որ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ նախատեսում են ամբողջությամբ գազաֆիկացնել Արմանիս, Ուրասար եւ Կաթնաղբյուր բնակավայրերը. «Աննախադեպ ծրագիր է սա, նշված գյուղերում գազաֆիկացում եղել է սովետական միության տարիներին, երկրաշարժից հետո գազաֆիկացում որեւէ բնակավայրում չի եղել: Տեսնելով ժողովրդի սոցիալական վիճակը,  ու հատկապես այն, որ այլընտրանքային վառելիք բացարձակ չկա, փայտի հարցը չլուծված է, իսկ էլեկտրաէներգիայով էլ հնարավոր չէ բնակարանները ձմռանը տաքացնել, մանավանդ, որ նշված համայնքներում օրերով հոսանքազրկումներ էին լինում, որոշեցինք գազաֆիկացնել»,-ասաց պարոն Գրիգորյանը:

Համայնքի ղեկավարը հույս ունի, որ նշված աշխատանքների ավարտից հետո գյուղերից կնվազի նաեւ արտագաղթը, քանի որ առաջին հերթին այս ծրագրերով որոշակիորեն կլուծվի նաեւ բնակչության աշխատատեղերի հարցը:

Արմանիս բնակավայրը մոտ 300 բնակիչ ունի: Վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը, ով նաեւ Արմանիսի բնակիչ է, Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախ իրենց առօրյա հոգսերը կթեթեւանան, ու ոչ միայն արտագաղթը կնվազի, այլ նաեւ տարիների ընթացքում արտագաղթած ընտանիքները կվերադառնան Արմանիս:

800 բնակիչ ունեցող Կաթնաղբյուրում գազաֆիկացման ցանցը կառուցվել էր դեռ երկրաշարժից առաջ, բայց մինչ օրս կապույտ վառելիքը այդպես էլ համայնք չէր հասել: Կենցաղային խնդիրները, ջեռուցման հարցը բնակիչները լուծել են աթարով, բրիկետներով ու վառելափայտ գնելով. «Կենցաղային բարդ պայմաններ էին, բայց դե համակերպված ապրել ենք… Հիմա ակնկալիքները մեծ են»:

Մոտ 320 բնակիչ էլ Ուրասար համայնքն ունի: Այստեղ նույնպես հույսով սպասում են, թե երբ կապույտ վառելիքը կհասնի իրենց բնակավայր:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031