Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ հիմա ավելի շատ կգնային որեւէ գործչի հետեւից, որը քաղաքական ուժի հետ ուղղակիորեն չի առնչվում». «Առերեսում»

Մայիս 13,2023 16:41

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցումն ի ցույց դրեց մեր քաղաքական կյանքի ճգնաժամը. ՀՀ քաղաքացիների 64 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական գործչի: Մեկնաբանելով այս աննախադեպ խզումը, երբ քաղաքական ուժերը չեն արտահայտում մեծամասնության տրամադրություններն ու պատկերացումները ՝ «Առավոտի» «Առերեսում« հաղորդաշարի հյուրը՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հարց ուղղեց. «Իսկ ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի Հայաստանի քաղաքական դերակատարներին, կուսակցություններին… Արդեն 30 տարի է՝ հիմնականում ի՞նչ է կատարվում. կային կուսակցություններ, որոնք 1-2 անձի գրպանի ուժեր էին: Եվ եթե ուզում ես Հայաստանում իշխանությունը բռնազավթել՝ պետք է կուսակցություն բռնազավթես ու փորձես այդ կուսակցությամբ գալ իշխանությունը բռնազավթելու: Եվ քանի որ ընտրական գործընթացները խաթարված էին՝ բնականաբար, մարդիկ այդ կուսակցություններին՝ թե իշխանական, թե ընդդիմադիր՝ չէին վստահում, ասում, թե ընտրություններում կեղծիքներ կան, բայց գնում՝ ընտրությունների էին մասնակցում ու ինչ որ հարաբերությունների մեջ մտնում՝ ընտրակաշառք եւ այլն»:

Նշելով, թե այդ անվստահության ու խզման հետեւանքով իշխանության եկավ «պոպուլիստը»՝ Ստեփան Դանիելյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմի միջոցով կարողացավ փողոցի ինչ որ զանգված բերել.. Բայց տեսան, որ այստեղ նույնպես խաբվեցին: Սակայն մի տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն մնացածների, կարողանում էր խոսել ժողովրդի հետ՝ ես ձեզ սիրում եմ, յուրաքանչյուրդ վարչապետ եք, ես չեմ վարչապետը՝ դուք եք հաղթել… Հիմա ժողովուրդն այդտեղ էլ խաբվեց, ուստի այլեւս չի վստահում բոլորին՝ շատ բնական երեւույթ է: Նախկինները չեն կարողանում խոսել ժողովրդի հետ, իսկ ներկաներն էլ խաբել են ժողովրդին, քաղաքական կուսակցություններն էլ կայացած չեն»:

Հաղորդման մյուս հյուրը՝ քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը նշեց. «Մարդիկ հիմա ավելի շատ կգնային որեւէ գործչի հետեւից, որը քաղաքական ուժի հետ ուղղակիորեն չի առնչվում»: Ըստ նրա՝ «Կա պահանջարկ նոր դեմքերի, եւ նորից եմ ասում՝ զուտ քաղաքական դեմքի մասին չէ խոսքը»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ «Հիմա շատ ավելի մեծ շանս կարող է ունենալ որեւէ գործիչ, որը գուցե ներկայացված կլինի քաղաքական ուժով, բայց չի նույնականացվի նախկինների ու ներկաների հետ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031