Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությունը վերցրել է իր ձեռքը. Նորայր Նորիկյան

Մայիս 13,2023 14:42

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի ընդլայնված համաժողովի օրակարգում հետեւյալ հարցերն էին՝ Նիկոլ Փաշինյանի հնգամյա գործունեությանը քաղաքական գնահատական տալը, «Արդար Հայաստան» կուսակցության համագումար հրավիրելը եւ «Արդար Հայաստանի»՝  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։

«Քանի որ լրանում է գործող իշխանության կառավարման 5 տարին, պատեհ առիթ է յուրօրինակ գնահատական տալ նրանց գործունեությանը, այնպես էլ հանրությանը հաշվետվություն ներկայացնել մեր գործունեության մասին»,-ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Շատ լավ գիտակցում ենք, որ կանգնած ենք պետություն ունենալ-չունենալու խնդրի առաջ, վաղվա օրվա հանդեպ անորոշություն է: 2018թ այս օրերին բոլորովին այլ պատկեր էր Հայաստանի Հանրապետությունում, հայ ժողովուրդն իսկապես ապրում էր երջանիկ ակնթարթներ: Հեռացել էր նախորդ քաղաքական ռեժիմը եւ հույս էր արթնացել  հասարակության մոտ: Այս հինգ տարիներն ապացուցեցին, որ 2018թ հերոսը միայն Նիկոլ Փաշինյանը չէր »,-ասաց Նորայր Նորիկյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով. «Անցած 5 տարիներն ապացուցեցին, որ պոպուլիզմն, այնուամենայնիվ, չարիք է, իսկ դրանով զբաղվողները՝ այդ չարիքից վարպետորեն օգտվող մոլորյալներ…Վերջին հինգ տարիներին մենք ականատես եղանք գործող իշխանության խոսքի ու գործի, սեփական խոստումները դրժելու բազմաթիվ տեսարաններին…Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությունը վերցրել է իր ձեռքը: Մեզ միշտ ուժեղ իշխանություն է պետք, սակայն ուժեղ իշխանության ընկալումն ու տրամաբանությունը մեր երկրում, ցավոք, խաթարված են: Ուժեղ իշխանությունը չի կարող արտահայտված լինել մեկ գլխով, մինչդեռ պետական իշխանության համակարգում այսօր իրացվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքը»:

Ի թիվս այլնի, նա  Ռուսաստանին էլ անդրադարձավ. «Եթե Կրեմլի համար ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է Աբխազիայի, Օսիայի, Դոնբասի համար, ապա Արցախի համար կիրառելի չէ, քանի որ չի բխում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031