Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղվարդի գանձերը»․ արդյո՞ք Կապանում հայտնաբերված գտածոները Արգիշտի Ա արքային են պատկանել

Մայիս 13,2023 14:05

2017 թվականի հունիսին Քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ հայտնաբերվել  են 2012թ. Կապանի Եղվարդ գյուղի տարածքում գտնվող 3 դամբարաններից թալանված իրերը: Քրեական գործի շրջանակում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են դամբարաններից հափշտակված  հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի եւ այլ մետաղյա զարդեր։

«Տվյալ անձը մի քանի անգամ տարբեր անհատների, թանգարանների ասել է, որ ունի հնագիտական իրեր, դրանք վաճառում է, եւ այդպես բացահայտվել է գործը։ Օպերատիվ աշխատանքի շնորհիվ առգրավված նյութերն անմիջապես տարվել են Երեւան ու մոտ 4-5 տարի մնացել են այնտեղ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց  Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։

Միայն 2020 թ․-ին է թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանին հաջողվում գտածոները վերադարձնել Կապանի երկրագիտական թանգարան։ Թանգարանի աշխատակիցները նախապատրաստվելով  մայիսի 20-ին կայանալիք թանգարանային գիշերվան՝ պահոցներից հանում են նաեւ երբեք չցուցադրված այդ գտածոները։ Ձիու բրոնզե ճակատակալի վրա գրառումներ նկատելով՝ Ալյոշա Հայրապետյանն այդ մասին տեղյակ է պահում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը մասնագիտությամբ հնագետ է։ Մարզպետի անմիջական միջնորդությամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանում ճակատակալը մաքրվում  եւ ամրակայվում է։

«Սեպագիր արձանագրությունը՝ ինքը հազվագյուտ երեւույթ է, ու որպես հնագետ՝ գիտեմ, որ Սյունիքը այնքան էլ հայտնի չէր ուրարտական ժամանակաշրջանում, կոնկրետ Վանի թագավորությունում։ Հիմա կարող եմ ասել, որ այդ գտածոն վերաբերում է Արգիշտիին։ Թե կոնկրետ որին՝ Արգիշտի՞ Ա-ին թե՞ Բ-ին՝ դեռ պարզ չի,  բայց մասնագետները, սեպագրերի ձեւից ենթադրում են,  որ այն Արգիշտի Առաջինին է վերաբերում՝ Մենուայի որդուն»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Գրականագետ Մհեր Քումունցի կարծիքով՝ Սյունիքը ուրարտական մշակույթի ուղղակի ազդեցության տակ է եղել։ Իսկ Ուրարտուն եւ նրա ժամանակաշրջանը, հայկական մշակույթի եւ լեզվի բնականոն ենթաշրջաններից մեկն է, որի կրողները անընդմիջում ապրել եւ ապրում են այստեղ։ Այս կարծիքը շարունակում է հարստանալ ոչ միայն գտածո իրերով, այլեւ լեզվական մշակույթով։ Սյունիքում պահպանված են ուրարտական շրջանի լեզվական ազդեցությունները կրող տեղանուններ՝ Գորիս, Արծվանիկ, Հարժիս եւ այլն։ Պատմաբան Ալյոշա Հայրապետյանի խոսքով՝ Սյունիքի մարզը  հնագիտական տեսանկյունից դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ։

«Հստակ ուրարտական առարկա կամ ուրարտական մշակույթ այս տարածաշրջանում չկար։ Միակ առարկան որ հայտնաբերվել է՝1954-ին առյուծի բրոնզե արձանիկն է, որը պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում։ Դրանից բացի ուրարտական որեւէ հետք չկար ու այս գտածոն մասնագետների համար մեր պատմության մի նոր փուլ, նոր շրջադարձ կարող է լինել»,-նշեց թանգարանի տնօրենը։

«Արգիշտիի սեփականություն, զինանոց կամ պահեստ»՝ այսպես են մասնագետները վերծանել ձիու ճակատակալի սեպագիր գրառումը։ Բոլոր 196 գտածոները դեռ կուսումնասիրվեն։ Սյունիքի մարզպետի աշխատակազմում կմշակվի  հստակ ռազմավարություն, թե ինչպես պիտի  նախաձեռնեն  այս գտածոների ապագան։

«Այնտեղ կփորձենք հետախուզական պեղումներ իրականացնել, տեղանքը  մի քանի պատճառներով այնքան էլ հարմար չի,  բայց ամեն դեպքում կփորձենք պեղումներով պարզել՝արդյո՞ք այս գտածոները ապացուցում են՝ որ Արգիշտի արքայի դամբարանը կամ դղյակն է եղել,  թե  ինչ-որ ճանապարհով գտածոները կարասի մեջ հայտնվել են Կապան համայնքում»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նա նաեւ հորդորում է բոլորին, եթե ինչ-որ մեկի մոտ գանձագողերից մնացել են այդ գտածոներից՝ հանձնել թանգարանին։

Չնայած հարցերը շատ-շատ են, բայց Սյունիքում համոզված են՝ Արգիշտի թագավորն է ամփոփվել այդ տարածքում,  ու պեղումներից հետո սահմանամերձ դարձած Եղվարդ գյուղը կդառնա զբոսաշրջության կենտրոն։ Իսկ մինչ այդ՝ մայիսի 20-ին՝ ցանկացողներն կարող եմ հազվագյուտ ցուցանմուշներին ծանոթանալ Կապանի երկրագիտական թանգարանում՝ հատուկ ցուցադրության ժամանակ։

Լուսանկարները՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031