Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին հետևելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քիշնևում։ Ճիշտ է՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը, նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար նմանատիպ գործելաոճ ևս կիրառել է, երբ անընդմեջ սադրանքների ու հանցագործությունների է դիմել, բայց այս անգամ եվրոպական միջնորդների նախաձեռնած հանդիպումից առաջ կոնկրետ ոտնձգություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ու սա ունի որոշակի նոր ենթատեքստ։
Հիմա փորձեր են արվում զուգահեռներ անցկացնել «նախահեղափոխական» ու հետպատերազմյան իրավիճակների հետ: Սակայն իրավիճակը լիովին այլ էր մինչ 2018 թ. իշխանափոխությունը, երբ Ադրբեջանը կարևոր հանդիպումների նախօրյակին սահմանային լարվածություն էր հրահրում պայմանավորվածությունների վրա ազդելու համար, սակայն այն ժամանակ հայկական կողմը հանդես էր գալիս հաղթողի դիրքերից։ Եթե նախկինում Ադրբեջանը միշտ ձգտել է տապալել փոխզիջումային տարբերակների շուրջ համաձայնության կայացումը, ինչը նշանակում էր, որ հայկական կողմի համար որոշակիորեն ձեռնտու պայմաններ էին առաջ քաշվում, ապա ներկա պայմաններում նոր սադրանքներով Բաքուն ոչ թե փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, այլ ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը և լիովին իր պայմանները պարտադրել հայկական կողմին։
Այլ կերպ ասած՝ Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման համար։ Դրա համար էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Իսկ նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ Մինչդեռ Բրյուսելից հակադարձեցին, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել ինչպես Շառլ Միշելի մասնակցությամբ, այնպես էլ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: Փաստացի Ադրբեջանն այնպիսի քայլերի է դիմում, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինն իրենց միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները չտապալելու համար ստիպված լինեն հաշվի նստել Ադրբեջանի նախապայմանների հետ, որոնք ենթադրում են հայկական կողմին կոնկրետ պահանջների թելադրում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում