Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով, այն կթիրախավորի ոչ ռուսաստանյան ընկերությունները, որոնք օգնում են Մոսկվային ուղղակի կամ անուղղակի շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ, փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառել ավելի քան 35 ընկերությունների նկատմամբ՝ Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ուզբեկստանից և Հայաստանից, քանի որ վերջիններս աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը օրերս, վերլուծելով միջազգային առևտրի՝ բաց աղբյուրներում առկա տվյալները, նկատել է, որ ԵՄ-ից արտահանված ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ և Ռուսաստանի համար այլևս արգելված ապրանքները պարզապես «անհետացել են»՝ Մոսկվայի տնտեսական գործընկերներ Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան տանող ճանապարհներին: Պարբերականի ներկայացմամբ, արևմտյան պաշտոնյաները հակված են կարծելու, որ ստվերային առևտրի վերջնակետը Ռուսաստանն է, և այդ կերպ հնարավոր է դարձել պահպանել պատերազմ վարելու Կրեմլի տնտեսական կարողությունները: Այդ առևտուրը ներառում է երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարող են կիրառվել ռազմաարդյունաբերության մեջ կամ հատուկ ծառայությունների կողմից:
Կարդացեք նաև
Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան հոսող արևմտյան արգելված ապրանքների մասին վերջերս գրել էր նաև The New York Times-ը: Ապրիլի 18-ին հրապարակված «Ռուսաստանը ներմուծում է արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ՝ շրջանցելով պատժամիջոցները» հոդվածում Հայաստանը հիշատակված էր որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում