Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն» բառը «մեմ» է, որը ներմուծվել է այս գործընթաց․ «Փաստ»

Մայիս 13,2023 10:22

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվ փուլի ենք ականատես լինում, որն սկսվեց վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Առաջիկայում սպասվում է բրյուսելյան հանդիպումը, հետո՝ մայիսի 19- ին՝ մոսկովյան, իսկ հունիսի 1-ին Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը, որի շրջանակներում ևս հանդիպում է նախատեսվում։ Բանակցությունների նման ինտենսիվության ու ակտիվ փուլի մասին զրուցել ենք Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի և քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ «Փաստի» հետ զրույցում Արմեն Բադալ յանը մատնանշել է հստակ գործընթացի ու քայլերի մասին։

«Արցախի հարցն ունի լուծման երկու՝ արևմտյան և ռուսական տարբերակ, որքան էլ Հայաստանի իշխանությունը սա չընդունի։ Այժմ տեսնում ենք հետևյալ գործընթացը. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, փորձելով համաձայնության գալ արևմտյան տարբերակի շուրջ, միևնույն ժամանակ ցանկանում են երկուսով Ռուսաստանի իշխանություններին փաստի առջև կանգնեցնել՝ հասկացնելով, որ արևմտյան տարբերակն ընդունված է, և ռուսական կողմը պետք է ադապտացվի այդ տարբերակին։ Սա է ընդհանուր քաղաքականությունը, որին ռուսական կողմը չի ցանկանում համակերպվել։ Թեպետ վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ հստակ փաստաթղթեր չեն հրապարակվում, այդուհանդերձ, այն հետևյալ սկզբունքն ունի. Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը՝ առանց անվտանգության որևէ մի երաշխիքի, ինչպես նաև ռուսական զորքերի դուրսբերում։ Արևմտյան այս տարբերակին Հայաստանի իշխանությունները, բնականաբար, համաձայն են, սակայն համաձայն չէ ռուսական կողմը, քանի որ կորցնելով Արցախի հարցը՝ կորցնում է Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա ազդելու իր հնարավորությունները»,- ասաց Արմեն Բադալյանը։

Գագիկ Հարությունյանի խոսքով, հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ոչ այնքան ռացիոնալ գործընթացի մասին։ «Դժվար է պատկերացնել, որ նույն հարցի շուրջ նույն հետևողականությամբ և նման պարբերականությամբ կարելի է բովանդակային, մասնակցային տարբեր հանդիպումներ ունենալ։ Գործընթացների այս կարուսելային իրավիճակում ես անառողջ միտում եմ նկատում։ Այդուհանդերձ, այս ամենից գործընթացի էությունը չի փոխվում ու չէր էլ կարող փոխվել, ավելին՝ այդ էությանն ի վնաս մեզ նոր շերտեր են ավելանում։ Կարելի է ասել, որ սա, այսպես ասած, կրկեսային ներկայացում է, որը, ինչպես միշտ, հիմա ևս փորձում է ցույց տալ Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Ամեն ինչ պարզ է։ Խոսքն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին է, որտեղ «խաղաղություն» բառը «մեմ» է, որը ներմուծվել է այս գործընթաց։ Այդ բառն ուղղակի «կախարդական» ազդեցություն է գործում, որովհետև ոչ ոքի լեզուն չի պտտվում ասել, որ խաղաղությունը վատ բան է, մինչդեռ իրենց մատնանշած այդ խաղաղություն հասկացության տակ մենք ամեն օր պատերազմի այս կամ այն դրսևորմանն ենք ականատես լինում»,- ասաց Հարությունյանը։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031