Կառավարության նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա ապրիլին հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել, որը գերազանցել է 2000-2005 թվականների տարեկան բյուջեները՝ առանձին վերցրած։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծել է, որ վերոնշյալը հերթական մանիպուլյացիան է։
«Առհասարակ, ցանկացած վերլուծություն կամ համեմատություն՝ լինի նախորդ ժամանակահատվածի կամ հարևան երկրների հետ, պետք է որոշակի նպատակ ունենա, ըստ որի՝ կարելի է ցույց տալ եզրակացության հիմնավորումը։ Այս իշխանությունների դեպքում կա պրիմիտիվ նպատակ, որի հիմքում ցույց տալն է, թե՝ «տեսեք՝ ինչքան լավ ենք ապրում»։ Մինչդեռ տնտեսական աճի արձանագրումը մարդիկ իրենց առօրյա կյանքում են տեսնում։ Ու այստեղ մետաղադրամի մյուս կողմն ունենք. այս իշխանության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով աճել է աղքատությունը, ինչը մի քանի պատճառ ունի։ Չնայած իրենց բերած ամենատարբեր, նույնիսկ մանիպուլյատիվ համեմատություններին, անկախացումից հետո միակ 5 տարին է, երբ գներն էապես ավելի բարձր աճ են ունեցել, քան սոցիալապես անապահով խավերի եկամուտները։ Խոսքն անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում նշել է Թ. Ավետիսյանը։
Նրա խոսքով, 2020 թ. տնտեսական անկումից հետո տնտեսական աճ է եղել, բայց աղքատությունը չի կրճատվել, այն ծնող գործոնները դեռ կան։ «Դեռ վիճակագրություն չկա, բայց վստահաբար կարող եմ ասել, որ աղքատությունը կրկին շարունակում է աճել։ Իրականում տնտեսությունը չպետք է ինքնանպատակ աճի, ու այդ հանգամանքը պարծենալու առիթ տա իշխանությանը։ Գործող իշխանության խնդիրը հանրային կյանքի որակի բարելավումն է։ Այո, պարամետրերից մեկը տնտեսական աճն է, հարկային մուտքերի ավելացումը, բայց այստեղ էլ նորից պետք է հակադրել հետևյալը. երկար ջանք թափելով՝ իրենք վերցնում են մեկ ցուցանիշ, որով փորձում են հանրությանը շեղել այն իրականությունից, որի մեջ նա ապրում է։
Հիշեցնեմ, որ ժամանակին հարյուր փաստ էին ներկայացնում, հիմա երևի վիճակներն այնքան է վատացել, որ մեկ-երկու փաստով սահմանափակվում են։ Իսկ իրականում քաղաքացին ամեն օր տեսնում է, որ իր կյանքի որակի մասին վկայող հիմնական ցուցանիշները դեպի բացասականն են փոխվում։ Իսկ կյանքի որակ ասվածի մեջ պետք չէ միայն ստամոքսը հասկանալ։ Կյանքի որակը և մարդկանց բարեկեցությունը նաև ապագայի նկատմամբ որոշակիությունն է։ Որքան ինտենսիվ է այս իշխանությունը խոսում «ապագա կա» կարգախոսի մասին, այնքան իրականությունն այլ պատկեր է ստանում։ Մասնավորաբար, անորոշությունները մեծանում են, և, ի վերջո, մեծանում է սեփական երկրում ապրելու ռիսկը, ինչը արտագաղթի, նաև անորոշությունների ու մի շարք սոցիալական խնդիրների պատճառ է, որոնք այսօր ունենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը սոցիալ-ժողովրդագրական խնդիրների մասին է։
Կարդացեք նաև
«Այս ամենի հիմքն այս իշխանության վարքագիծն է։ Կառավարությունը ցանկացած նման ռիսկ ու անորոշություն մեծացրել է։ Ու հիմա այս ամենին զուգահեռ որքան էլ ասեն, թե, օրինակ՝ ՀԴՄ կտրոնների թիվն աճել է N անգամ, ոչինչ չի փոխվում։ ՀԴՄ կտրոնների կամ, օրինակ՝ արտաքին՝ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնով պայմանավորված տնտեսական աճը, տրանսֆերտներից բխող աշխուժությունն ամբողջությամբ իրենց վերագրելը բան չի փոխում։ Մենք Covid-19-ի օրինակով գիտենք, թե նույն արտաքին գործոններով պայմանավորված՝ ինչպիսի տնտեսական դժվարություններ են լինում։ Երբ 2020-ին համավարակը տնտեսական անկման բերեց, ասում էին՝ «մենք ինչ անենք, արտաքին գործոնն է պատճառը»։ Հիմա, արտաքին գործոնով պայմանավորված, տարածաշրջանի մյուս երկրներում ևս տնտեսական աճ է գրանցվել։ Այժմ իրենք այս գործոնն ամբողջությամբ իրենց են վերագրում, որովհետև դրական ու ժամանակավոր արդյունք է ապահովել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտավորապես կանխատեսում է այն նախադասությունները, թե ինչ կասեն, եթե ներկա արտաքին գործոնները չլինեն, ու արդյունքում էական տնտեսական աշխուժություն, նաև հարկային մուտքերի էական նվազում լինի։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում