Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական ի՞նչ արդյունք կտա, պարոն Սինանյան, մեզնից անկախ ու մեզ անտեսելով, մեզ հուզող հարցերը Քյոլնի քաղաքապետի հետ քննարկելը․ Սերովբէ Եպս. Իսախանեան

Մայիս 13,2023 09:48

Սերովբէ Եպս. Իսախանեանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգարժան պարոն Սինանյան,
Այսօր պատահաբար աչքիս ընկավ Ձեր գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրությունն ու նկարները, որոնցով ծանուցում եք, որ Գերմանիայի Քյոլն քաղաք Ձեր այցելության ընթացքում հանդիպել եք նաեւ Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռեքերի հետ։

Բնականաբար Դուք ազատ եք հանդիպել ում հետ ուզում եք։ Բարով եք հանդիպել։ Սակայն, եթե որեւէ պաշտոնատար անձի հետ հանդիպման ընթացքում Ձեր քննարկելիք հարցերն ուղղակի առնչվում են նաեւ Սփյուռքի, այս պարագայում Գերմանահայ համայնքի եւ մասնավորաբար՝ Քյոլնի Հայ Համայնքի, ներքին հարցերին, հայապահպանման խնդիրներին, դիմագրաված մարտահրավերներին, նախընտրելի ու սպասելի է, այդ հարցերը նախ քննարկել այդ կառույցների պատասխանատու անձերի հետ, անմիջականորեն լսել նրանց, ծանոթանալ առկա խնդիրներին, թերեւս նրանց ներգրավել նաեւ հանդիպման մասնակիցների ցանկում։

Իսկ Դուք գալիս եք Քյոլն, որտեղ գտնվում է Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդարանը եւ Գերմանիայի ամենամեծ հայ համայնքը։ Հանդիպում եք թեմակալ առաջնորդին, Քյոլնի հոգեւոր հովվին, թեմական խորհրդի անդամներին, որոնցից ոմանք նաեւ Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչներ են։ Ավելի քան մեկ ժամ զրուցում եք վերոհիշյալ ներկաների հետ։ Ձեր մտքի ծայրով սակայն չի անցում նրանց տեղեկացնել, որ նախատեսված է նաեւ Ձեր հանդիպումը Քյոլնի քաղաքապետի հետ։ Չեմ կարծում, թե տիկին քաղաքապետի հետ հանդիպումը հանպատրաստից էր, Քյոլն էիք եկել եւ մտածեցիք՝ «ձեռի հետ մի հատ էլ քաղաքապետին հանդիպել, բարեւ-բարի լույս անել»։ Փորձ անգամ չեք կատարում՝ ուղղակի մեզնից իմանալ մեր խնդիրների ու մարտահրավերների մասին, բայց գնում եք քաղաքապետի մոտ եւ նրա մոտ «անդրադարձ կատարում Քյոլնի հայկական համայնքին՝ նշելով, որ համայնքի ներկայացուցիչներն ակտիվ եւ էական դեր ունեն երկու երկրների հասարակական կյանքում եւ երկու ժողովուրդների մերձեցման գործում» եւ ապա՝ «հատկապես կարեւորում հայերենի պահպանման հարցը եւ դիմում քաղաքապետին՝ քննարկելու Քյոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը»։

Ինքներդ որոշեք, թե գործնական ի՞նչ արդյունք կտա, պարոն Սինանյան, մեզնից անկախ ու մեզ անտեսելով, մեզ հուզող հարցերը Քյոլնի քաղաքապետի հետ քննարկելը (ի միջի այլոց տեղեկացնեմ, որ վերոհիշյալ տիկին քաղաքապետը ոգի ի բռի պայքարում է Քյոլնի կենտրոնում Հայոց ցեղասպանության «Այս ցավը բոլորինս է» մակագրությունն ունեցող հուշարձանի տեղադրումը խափանելու ուղղությամբ), իսկ մենք արձանագրենք կրկին այն փաստը, որ Դուք մեկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփյուռքյան մեր ավանդական կառույցների, այս դեպքում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող Քյոլնի Հայ Համայնքի, տասնամյակների նվիրյալ առաքելությունն ի խնդիր երեկվա եւ այսօրվա սերունդների հայեցի դաստիարակության։

Իմիջիայլոց՝ Առաջնորդարան այցելության եւ ինձ հետ հանդիպման մասին Ձեր հրապարակած հաղորդագրության մեջ բառ կամ ակնարկ անգամ չկա այն մասին, որ թեմակալ առաջնորդը արծարծեց նաեւ իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, իր մտահոգությունն ու քննադատությունն արտահայտեց «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչությամբ, քննադատեց Հայաստանի ներկա իշխանությունների Սփյուռքի հետ հարաբերություններ մշակելու եւ սփյուռքյան ավանդական կառույցներն անտեսելու գործելաոճը, Արցախի հարցում զիջողական ու պարտվողական քաղաքականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031