Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպությունը» չեմ տեսնում

Մայիս 13,2023 10:00

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած «Մամուլի ազատության ինդեքս- 2023»-ում Հայաստանը 180 երկրների թվում զբաղեցրել է 49-րդ «պատվավոր» տեղը՝ բարելավելով իր ցուցանիշը երկու կետով եւ զգալիորեն առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: Ինչպես է չափվում մամուլի ազատության մակարդակը՝ չգիտեմ: Զուտ «աչքաչափով», իհարկե, պարզ է, որ ինչպես 2018 թվականից առաջ, այդպես էլ հիմա, վիճակը մեր երկրում ավելի բարվոք է, քան Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում: «Աննախադեպ առաջընթաց» ես, ճիշտն ասած, չեմ տեսնում՝ չնայած, իհարկե, լրատվամիջոցների սփռման հնարավորությունները մեծանում են, եւ համացանցի շնորհիվ, օրինակ, հեռուստաընկերության եթերազրկումն այլեւս դրամատիկ հետեւանքներ չի ունենում:

Ինչպե՞ս են կազմվում նման զեկույցները: Ենթադրում եմ, որ զեկույց գրող կազմակերպությունն ուղարկում է իր ներկայացուցիչներին, վերջիններս հանդիպում են հայաստանյան այն հ/կ-ներին եւ լրատվամիջոցներին, որոնց հետ համագործակցում են, եւ կախված նրանից, թե ինչ տեղեկություններ են նրանց հայտնում, կազմում են իրենց զեկույցները:

Հայաստանյան պաշտոնական քարոզչությունը գործը ներկայացնում է այնպես, որ, այո, «աննախադեպ հաջողությունների» ենք հասել, եւ միակ խնդիրն այն է, թե պետք է գտնվեն օրինական միջոցներ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: «Թարգմանաբար» դա նշանակում է՝ ինչպե՞ս անենք, որ մեր՝ իշխանավորներիս, խաթրին ոչ ոք չկարողանա կպնել: Կարծում եմ, այս հարցում իշխանավորներն առանձնապես անհանգստանալու տեղ չունեն, որովհետեւ ինչպես «նախկինների» ժամանակ, այնպես էլ հիմա դատարանները նրանց գրպանում են:

Երեւանի փաստացի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատի է տվել լրագրող Դավիթ Սարգսյանին՝ իր պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար: Ի դեպ, չեմ հասկանում, թե ինչու է նման դեպքերում նշվում «գործարար համբավը»: Ավինյանը, որքան գիտեմ, պետական պաշտոնյա է, ոչ թե գործարար: Համենայնդեպս՝ պաշտոնապես:

Արատավորե՞լ է լրագրողը պաշտոնյայի գործարար համբավը, թե՞ ոչ՝ դա դեռ պետք է պարզել: Բայց, որպես հայցի ապահովման միջոց, դատարանն արդեն իսկ որոշել է պատժել Սարգսյանին եւ նրա հաշվի ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք է դրել: Այսինքն, եթե լրագրողն աշխատավարձ չստանա, այդ գործի քննությունը, հավանաբար, ավելի արդյունավետ կընթանա: Չգիտեմ, նման գործերն արդյո՞ք հայտնի են դառնում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը:

1999 թվականին փակվել էր «Մոլորակ» թերթը: Դատարանի որոշմամբ: Միխայիլ Բաղդասարովի գործարար համբավը պաշտպանելու նպատակով: Հետեւաբար, այն, ինչ տեղի է ունենում հիմա, աննախադեպ չէ, վերջին 30 տարում նախադեպեր շատ են աղել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Փոքր մարդիկ կամ փոքր ժողովուրդները էգոցենտրիստ են, փոքր մարդիկ՝ լինի պետծառայող, որը կաշառակեր է կամ օլիգարխ կամ ընտրակաշառակեր կամ պարզապես մայախատասկռայու կամ էլ՝ հա, շան տղայա, բայց մեր ընտրած շան տղանա: Իսկ փոքր էգոցենտրիստ ժողովուրդներն էլ աշխարհի մեծ ժողովուրդներին են բողոքում, թե բա մեզնո՛վ զբաղվեք, չե՞ք տեսնում, որ մեզ նեղացնո՛ւմ են, սրանք էլ էշանում են՝ բայց դուք է՛ն ազգից չէ՞ք, որի նախնիները ծովից ծով հզոր ազգ էր, ստացվում է, փոքր թույլ էգոցենտրիստ մարդիկ անցած դարերի ընթացքում հաղթեցին ծովից ծով ազգի հզորներին, կուլ գնալով այդ փոքրերի կապրիզներին եւ այսօր վերածվեցինք փոքր էգոցենտրիստ ժողովրդի: Միայն մեր հերոսներն են ռազմադաշտում թե մարզադաշտում թե հանճարները համակարգչի առջեւ հիշեցնում, որ նրանք էն ծովից ծով ազգի հետնորդներն են ու մենք էլ հպարտանում ենք, որ ազգակցային կապ ունենք նրանց հետ: Ազգովին պաշտպանենք մեր ազգի հզորներին մեր թույլ ու անպաշտպան ազգակիցներից:

    • Լավատես says:

      Միանգամից եւ առաջարկներ անեմ, որ ասածս լոզունգ չլինի:

      Ա Ընտրություններին եւ հանրաքվեներին պետք է մասնակցեն բոլոր անխտիր հայերը,

      Բ Պետք է լինի երկու տեսակի ընտրական ձայն, մեր քաղաքացիները, այդ թվում նաեւ Արցախի ժողովուրդը, ունեն որոշիչ ձայնի իրավունք, Սփյուռքի ժողովուրդն էլ ունի խորհրդատվական ձայնի իրավունք,

      Գ Մեր ազգանվեր հեղինակավոր ազգակիցները պետք է պատասխանատվություն ցուցաբերեն եւ բացահայտ քվեարկեն, որ մեր քաղաքականապես թույլ թե ուժեղ քաղաքացիները կարողանան ճիշտ կողմնորոշվել:
      Երբ բոլոր անխտիր հայերը մասնակցեն ազգային ընտրություններին, ապա այսօրվա փոփոխությունների ժամանակներում արեւային կեռխաչը ճիշտ կպտտենք եւ կունենանք երջանիկ ապագա մինչեւ հաջորդ փոփոխությունները, բայց եթե թերանանք, թշնամին մեր կեռխաչը հակառակ կպտտի եւ կունենանք այն, ինչ հարյուր տարի առաջ: Ազգովին մեծագույնս ճիգեր գործադրենք եւ մեր արեւախաչը ճիշտ պտտենք, որ մեր մոտակա եւ հեռավոր սերունդները շնորհակալ լինեն եւ հպարտանան իրենց ազգակից նախնիներով, ինչպես մենք ենք այսօր երախտապարտ մեր հզոր հեռավոր նախնիներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031