Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լավ համերգը, մի լավ ձայնագրությունն իր հետ բերում է շարունակություն

Մայիս 13,2023 12:30

Կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը՝ առաջիկա համերգի ու հաջողությունների մասին

Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա hամերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ծննդյան 35 եւ ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Համերգին մասնակցում են Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը (դաշնամուր):

Ծրագրում կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի 4 սոնատներ են՝ Սոնատ N1 թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և թավջութակի համար և Սոնատ N2 թավջութակի և դաշնամուրի համար: Վերջինիս համաշխարհային պրեմիերան է լինելու:

«Առավոտը» համերգի առիթով զրուցել է Ժիրայր Շահրիմանյանի հետ: «Այս համերգն առանձնահատուկ է նրանով, որ շուրջ 8 տարի է՝ հեղինակային համերգով հանդես չեմ եկել, ինչը պարբերաբար անում եմ: Վերջին համերգս կայացել էր 2015թ. սեպտեմբերին: Արդեն կուտակվել են ստեղծագործություններ, որոնք սպասում են իրենց պրեմիերային:  Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ դեռ հոկտեմբերից թավջութակահար Դավիթ Մելքոնյանի հետ փորձում էինք ստեղծագործություններից երկուսը, ավելի ուշ միացավ Նիկոլայ Մադոյանը, եւ կազմվեց այսպիսի մի  կամերային ծրագիր, որը բաղկացած է 4 սոնատներից»,-ասաց կոմպոզիտորը:


«Այս համերգին ես առաջին անգամ եմ համագործակցում Դավիթ Մելքոնյանի եւ Նիկոլայ Մադոյանի հետ: Երկար տարիներ հետեւել եմ  այդ տաղանդաշատ երաժիշտների գործունեությանը, նրանց ձայնագրություններին քաջատեղյակ եմ, երկուսն էլ իրենց հիմնական ուսումը ստացել են Գերմանիայում:
Դավիթը դեռ մեկ տարի է, ինչ Գերմանիայից  վերադարձել է Հայաստան: Իմանալուն պես, որ նա վերադարձել է, անմիջապես կապ հաստատեցի իր հետ, եւ մենք անցյալ  տարվա աշնանից սկսեցինք փորձել Թավջութակի երկու սոնատները, այդ փորձերի ընթացքում էլ գաղափար առաջացավ սոնատների ծրագրով համերգ ունենալ:

Այլ ծրագրեր էլ ունենք դեռեւս սաղմնային փուլում, որը կիրականացնենք Դավիթի եւ Նիկոլայի հետ: Ի դեպ, Նիկոլայ Մադոյանը, լինելով շատ խստապահանջ երաժիշտ, հազվադեպ է  համագործակցում ժամանակակից հեղինակների հետ: Եվ իր պատրաստակամությունը՝ կատարել ստեղծագործություններս, լրացուցիչ ոգեւորում է կոմպոզիտորի համար»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ասաց, որ 10-ից ավելի սոնատներ ունի տարբեր կազմերի համար, ու քանի որ միայն սոնատային երեկո է լինելու, հարմար է գտել դրանցից  4-ը հնչեցնել, քանի որ մեկ համերգում ավելի շատ ժամանակակից ստեղծագործություններ լսելը ծանր կլինի ունկնդրի համար:

Ժիրայր Շահրիմանյանն ասաց, որ իր հաջողության գրավականն առաջին հերթին աշխատասիրությունն է, հավատը սեփական ուժերին եւ հնարավորություններին. «Միշտ շրջապատված եմ եղել լավ երաժիշտներով, լավ մարդկանցով, որոնք գնահատել են իմ ձգտումը, ընդունակությունները եւ հնարավորեությունները: Եվ այդպես շղթայական մի լավ համերգը, մի լավ ձայնագրությունն իր հետ բերում է շարունակություն: Կարծում եմ՝ 20 տարին ընդգրկուն ժամանակ է որոշակի ձեռքբերումներ ունենալու համար: Իհարկե, ավելի մեծ ձեռքբերումները դեռ առջեւում են, եւ ես աշխատում եմ դեռ այդ ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ անցյալ տարվանից սկսել էր մեծ սիմֆոնիկ ստեղծագործության վրա աշխատել՝ «Սիմֆոնիկ պարեր», որն ավարտել է այս տարվա մարտին. «Գրեթե մեկ տարի տեւեց աշխատանքը, հետո մեկ ամիս դադար եղավ, որը պայմանավորված էր այլ կարեւոր համերգներով՝ սիմֆոնիկ եւ կամերային, մարտ-ապրիլ ամիսներին: Մեկ ամիս է՝ աշխատում եմ վոկալ շարքի վրա՝ ժամանակակից եւ շատ տաղանդավոր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությյուններով՝ ձայնի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար:  Այս հեղինակային համերգից հետո ավելի շատ ժամանակ կունենամ, որպեսզի ավելի շատ աշխատեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ժիրայր Շահրիմանյանը

«Առավոտ» օրաթերթ
12.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031