Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անաստված, ապազգային, օտարներին ծառայող մարդկանց հավաքածու, որոնք Հայաստանում առայժմ գտնվում են պետության գլխին»

Մայիս 13,2023 13:30
Mexak Gabrielyan

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

-Ազգային ժողովում, կառավարության 2022 թվականի ծրագրի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը Պողոս առաքյալից մեջբերում արեց՝ ցույց տալով, որ իր իշխանությունն Աստծուց է տրված եւ եզրակացրեց՝ «եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն, լավ չեն նաեւ Աստծո հետ»: Տրամաբանակա՞ն եք համարում երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունը:

-Պողոս առաքյալի տվյալ միտքը մեր հոգեւոր դասն արդեն ներկայացրել է, ըստ եկեղեցու հայրերի մեկնության, որով հիմնավորում են վարչապետի բոբիկությունը: Ի միջիայլոց, մարդկանց բոբիկությունն է բերում սնապարծության եւ մեղքերի մեջ թաղման: Այս պարագայում, կարծում եմ, մենք գործ ունենք չարի դրսեւորման հետ, որը բացահայտորեն դուրս է եկել մեր Սրբության Սրբոց՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, հետեւաբար՝ եւ Աստծու դեմ:

Աստծուց Հայաստանին ինքնիշխանություն է տրվել, իսկ նրա կառավարումը տվյալ ժամանակաշրջանում, տրվում է այնպիսի մարդկանց, որոնց որակական եւ այլ բնութագրերը կախված են ժողովրդից՝ ժողովրդի՝ Աստծուն մոտ լինելուց կամ հեռու լինելուց: Ինչո՞ւ մենք այսպիսի անաստված կառավարիչներ ստացանք: Այս հարցի պատասխանը յուրաքանչյուրս գիտի. քանի որ` Հայաստանում տիրում է անարդարություն, երբ մարդկանց մեծ մասը հանուն փողի պատրաստ է դիմացինին խաբել, իսկ պետական պաշտոնյան՝ լլկել ժողովրդին եւ կողոպտել պետական գանձարանը, երբ ծնողները՝ դեռ չծնված (մոր արգանդում, մեծ մասը չպատկերացնելով, թե ինչպիսի հանցագործություն է կատարում Աստծու առջեւ) իրենց երեխաներին են սպանում տասնյակ հազարներով, երբ դպրոցները հեռու են պահում եկեղեցուց եւ աշակերտներին դաստիարակում են ոչ թե քրիստոնեական արժեքներով, այլ անաստվածության ոգով, ինչպես խորհրդային միության տարիներին էր եւ այլն: Տիրող այսպիսի բարքերի դեպքում Աստված բնականաբար պետք է այսպիսի իշխանություն տար: Վերջերս կրկին ընթերցում էի սբ. Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցի» Տիգրան Առաջին Երվանդյանի մասը, որին Խորենացին մեր երեք հզորագույն արքաներից մեկն է համարում, եւ զարմանում էի, եւ հիանում, որ մեր նախնին դեռեւս Քրիստոսից հինգ հարյուր տարի առաջ, շարունակելով մեր նախնիների ավանդույթը, ապրել եւ կենցաղավարել է աստվածային պատգամներով. «…կերակուրների եւ ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել… Նա ամեն բանի մեջ արդարադատ եւ հավասարասեր էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»:

Համեմատեցեք վերջին երեսուն տարվա իշխանավորներին մեր նախնիների հետ. եզրեր չեք գտնի:

– Բայց վարչապետը մի քանի տասնյակ խորհրդականներ եւ օգնականներ ունի, որոնց գործը խորհուրդ տալն է եւ իշխանավորին զերծ պահել այդպիսի հակապետական եւ ապազգային հայտարարություններից:

– Ճիշտ եք, պարտավոր են: Սակայն, չպետք է մոռանանք, թե ովքե՞ր են այդպիսիները՝ խորհրդականները: Նրանք նույնպիսին են, ինչպիսին որ իրենց ղեկավարն է: Նրանց ընդամենը տեղավորել են պետական պաշտոններում աշխատավարձ եւ պարգեւավճար ստանալու համար, դրանց մեծ մասը անգրագետ է կամ կիսագրագետ, եւ կան այնպիսիներ, որ նույնիսկ տարրական գիտելիքներ չունեն: Այո, ակնհայտ է, որ դրանք չգիտեն մեր պատմությունը, հեռու են քրիստոնեական արժեքներից՝ Աստվածային պատգամներից: Կարծում եմ, պետք է նորմ սահմանել, որ մեր երկրի, ազգի անցյալը չիմացողը իրավունք չունենա դառնալ երկրի կառավարիչ կամ մաս կազմել իշխանությանը: Ցավոք սրտի, պետության այսօրվա կառավարիչները ոչ միայն հեռու են մեր անցյալից, չգիտեն մեր պատմությունը, պատմության փառավոր էջերը, որը մեզ հպարտություն է ներշնչում, այլեւ իրենց մտածելակերպով եւ գործողություններով ծառայում են օտարին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, ի վնաս Հայաստանի: Պետրոս առաքյալը իր ընդհանրական երկրորդ թղթի 2-19 խոսքում ասում է. «…մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառայում է»:

Ով որ վարչապետին նմանատիպ խորհուրդներ է տալիս, կարծում եմ՝ ինքն էլ նույնատիպ տկարամիտ է կամ օտարերկրյա գործակալ: Սարսափելի բան է կիսագրագետ, անաստված եւ նյութապաշտ մարդը: Վարչապետի եւ իր թիմակիցների, որոնք մարմնավորում են չարին, ապազգային, հակապետական կերպարն ակնհայտ դարձավ դեռեւս 2019 թվականին, երբ ժողովրդից թաքուն բարձրացրին իրենց աշխատավարձը եւ պարգեւավճարների ստանալու աննախադեպ ուղի որդեգրեցին: Մեր ժողովուրդը նախկին տասնամյակների անարդարությունից դժգոհ, 2018 թվականին ոտքի կանգնեց, այդ թվում նաեւ ես, հավատալով, որ վերջապես կփոխվի իշխանությունը եւ ինքը շահագործումից կազատագրվի եւ կկերտի իր արդար պետությունը: Հիշում եմ մեր հոգեւորականների աղոթքները՝ ցույցերի, միտինգների ժամանակ, որպեսզի ժողովուրդը փորձության չենթարկվի: Աստված լսեց ժողովրդի ձայնը եւ տեղի ունեցավ իշխանափոխություն: Սակայն Աստված մարդուն ստեղծել է ինքնիշխան, որ իր ազատ կամքով ինքը որոշի իր անելիքները: Եվ քանի որ ժողովուրդը հեռացած էր Աստծուց, հետեւաբար եւ ընտրեց այս տկարամիտներին եւ անաստվածներին: Այսինքն, Աստված մեզ տվեց այսպիսի իշխանություն, որը իրեն չի ծառայելու, որպեսզի մենք ուշքի գանք, ապաշխարենք եւ դառնանք դեպի Աստված, այդ ժամանակ էլ կստանանք արդար պետություն կառուցելու արժանի իշխանություն՝ ազգայնական իշխանություն, ինչպիսին եղել են մեր փառահեղ նախնիները:

– Ամեն դեպքում, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեմ դուրս գալիս մեր եկեղեցուն:

-Շուրջ երկու հազար տարի չարը պայքարում է մեր եկեղեցու դեմ, եկեղեցի, որը անմնացորդ նվիրված է Աստծուն եւ հայ ժողովրդին, որին նույնիսկ քույր եկեղեցիները՝ կաթոլիկ եւ ուղղափառ, մեղադրում էին Քրիստոսին հայացնելու մեջ: Մեր եկեղեցին չի ենթարկվել դավանաբանական որեւէ փոփոխության, ինչպիսին Աստված հաստատեց, այդպիսին էլ մնացել է եւ իր հաստատուն ընթացքով առանց երերալու եւ շեղվելու Աստծու պատվիրաններից եւ պատգամներից, ընթանում է առաջ եւ դիմավորելու է Աստծուն՝ երկրորդ Գալստյանն ընդառաջ՝ Հայոց երկնքում: Չարը հանդես է գալիս տարբեր կերպարանքով: Ներկայումս հանդես է գալիս այս մոլորված, ապազգային սերնդի միջոցով, որոնք դարձել են մեր պետության կառավարիչները: Սակայն, ուրախալի է նաեւ, որ մաքրվում է հասարակությունը. մի կողմից՝ այս տգետ, անաստված, նյութապաշտների հավաքածուն է, օտար պետություններին ծառայող խավ՝ հինգերորդ շարասյուն կոչվածը, մյուս կողմից՝ ազգային մտածելակերպով երիտասարդություն, որը կրթություն եւ դաստիարակություն է ստացել հայեցի մտածող եւ ավանդապաշտ ընտանիքներում, հայորդաց դպրոցներում, եւ գյուղական միջավայրում՝ բնության գրկում մեծացող եւ դաստիարակվող սերունդ: Այս խմբից դուրս եկածներն են, որ պետք է ստանձնեն Հայաստանի կառավարումը առաջիկա տարիներին եւ Հայաստանը դարձնեն յուրաքանչյուր հայի երազած երկիրը՝ Աստվածային Հայաստանը, որտեղ հաստավելու է քրիստոնեական արժեհամակարգը եւ վերականգնվելու է քրիստոնեության պետական կրոնի կարգավիճակը: Մեր եկեղեցուն տրվելու է երկրի կառավարման մասնակցի կարգավիճակ՝ Ազգային ժողովում պատգամավորի տեղ՝ մեկ-երկու մանդատ, դպրոցներում երկու առարկայի՝ եկեղեցու պատմության եւ քրիստոնեության հիմունքների՝ Աստվածաշնչի պարտադիր ուսուցում: Բարձրագույն ուսումնական հաստատու-թյուններից՝ մանկավարժական, բժշկական, իրավաբանական հաստատություններում, որոնք անմիջապես առնչվում են երեխաների դաստիարակության եւ մարդկանց բարի ծառայություններ մատուցելու հետ, քրիստոնեության՝ Աստվածաշնչի խորացված ուսուցում:

– Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հարցականի տակ է դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. պատահականությո՞ւն է:

– Կարծում եմ, պատահականություն չէ: Նա պարբերաբար հարձակվել է մեր եկեղեցու վրա, իսկ քրիստոնեությունից գիտելիքներ չունենալու հանգամանքը եւ անաստվածությունը նրան եւ իր ենթականերին դարձրել են մոլի հակաքրիստոնյա՝ հակաքրիստոս եւ վերջին հաշվով հակահայ, քանի որ մեր ժողովրդի շուրջ 95 տոկոսը իրեն համարում է քրիստոնյա եւ մեր եկեղեցու հետեւորդ: Այս անաստվածները փորձում են հայ ժողովրդին դարձնել նյութապաշտ, նյութը, ստամոքսը դարձնել հայի համար կուռք եւ հայ մարդու գիտակցությունը մղել ամբողջապես կախվածության մեջ նյութականից: Սա նոր երեւույթ չէ, այն բխում է անաստվածությունից: Շատերը հիշում են մարքսիզմ-լենինիզմ կոչված անաստվածության գաղափարախոսական հիմնաքարերից մեկը՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Այսինքն, ըստ սրանց Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Տաթեւացին եւ մեր մյուս մեծերը առաջնորդվում էին «նյութականով» եւ իրենց հանճարեղ գործերը ստեղծում էին ստամոքսը լիքը լցնելուց հետո:

Իրականում նյութական բարեկեցությունն ածանցյալ է հոգեւոր բարեկեցությունից: Եթե հոգեւոր բարեկեցություն չունենք, ապա չի կարող լինել նյութական բարեկեցություն: Իսկ հոգեւոր բարեկեցություն նշանակում է գտնել Աստծուն, մեր Տէր Հիսուս Քրիստոսին, որը ճանապարհն է ստանալու աստվածային լույսը եւ այն խաղաղությունը, որը աստվածային է, որից հետո կարող ես ստանալ նաեւ նյութական բարեկեցություն: Սրանց պատկերացրած նյութական բարեկեցությունը փող ունենալն է, բայց եթե չունես հոգու անդորր, ապա այդ «բարեկեցությունը» քո կյանքը վեր է ածում տառապանքի, ինչի մեջ էլ այժմ նրանք գտնվում են:

Եվ պատահական չեն սրանց տեղի-անտեղի քաղաքացի բառի օգտագործումը: Իրենց խելքով ուզում են հայ ժողովրդից կերտել մի խառնուրդ՝ իրենց նման, որոնք կտրված կլինեն ազգայինից, հայ եկեղեցուց, հեռու կմնան քրիստոնեական արժեքներից եւ Հայաստանում կկերտեն անաստված, նյութապաշտ մարդկային սերունդներ, կամ եթե ավելի գռեհիկ արտահայտենք իմաստը, ապա՝ մանկուրդներ, որոնց անվանում են քաղաքացիներ: Այնպես որ, մենք ունենք անաստված, ապազգային, օտարներին ծառայող մարդկանց հավաքածու, որոնք Հայաստանում առայժմ գտնվում են պետության գլխին:

(Շարունակելի)

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031