Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է մեծ պահանջարկ ունեցող «Արարատ» կոնյակի մուտքը ռուսական շուկա

Մայիս 12,2023 22:50

Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի քանի ապրանքանիշների, այն է՝ Ararat, Chivas Regal, Absolut և Jameson-ի արտադրանքների վաճառքը Ռուսաստանում։

Որպես հավելյալ տեղեկություն՝ «Pernod Ricard»-ը նաև նշել է, որ ապրիլի վերջից հայտնի այս ալկոհոլային խմիչքները չեն մատակարարվում ռուսական շուկային։

Ռուսական ու ուկրաինական մեծ լսարան ունեցող թելեգրամյան ալիքներն էլ ակտիվորեն տարածում են կոնցեռնի պաշտոնական հայտարարությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան հարթակում անդրադառնալով այս տեղեկությանը, գրել է․ «Արարատ» կոնյակը հեռանում է Ռուսաստանից։

Ստացվում է, Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքը, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և որի արտադրանքի մեծ մասն արտահանվում էր ռուսական շուկա, կորցնում է այն»:

Մեզ հետ զրույցում քաղաքագետն ասաց․ «Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մեզ համար մտահոգիչը «Արարատ» կոնյակի արտահանման դադարեցումն է դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ դա կարող է ունենալ աղետալի հետևանքներ թե՛ գյուղատնտեսական և թե՛ սոցիալ-տնտեսական առումով։

Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ «Արարատ» կոնյակի գործարանը խաղողի ամենամեծ մթերողներից է Հայաստանի Հանրապետությունում, և եթե ռուսական շուկա չի մտնում, ապա որոշ ժամանակով մեր երկրում կտրուկ կրճատվելու են խաղողի մթերումները, մինչև նոր շուկաների հայտնաբերումը։

Իսկ դա բավական երկար ժամանակ կտևի։ Այդ ընթացքում սոցիալական մեծ հարված կհասցվի թե՛ խաղողագործներին և նրանց ընտանիքներին, և թե՛ հենց կոնյակի գործարանի աշխատակիցներին։

Ռուսաստանի Դաշնությունում «Արարատ» կոնյակը շատ հայտնի է, հունվարին եղել եմ Մոսկվայում և իմ աչքով եմ տեսել, թե ինչ մեծ պահանջարկ ունի հատկապես էլիտար շրջանակում, հայտնի ակումբներում ու ռեստորաններում։

Պիտի տեսնեիք, թե Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մատույցներում գտնվող «Կոզլով» Ջազ ակումբում ինչ սպառում ուներ «Արարատ» կոնյակը։

Մեծ հպարտություն եմ ապրել, հիմա էլ ցավ եմ ապրում, որ սա ծանր հետևանքներ կունենա մեր տնտեսության համար»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031