Այսօր հակակոռուպցիոն դատարանում կայացավ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականը եւ նախարարության եւս 13 աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան աջակցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու եւ այլ չարաշահումների մ-ին, խեջ։
Այսօր ապացույցների հրապարակման փուլն էր։ Նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրանքում դրված ապացույցները, որի վերաբերյալ պաշտպանական կողմը հայտնեց իր կարծիքը։
Հրաչյա Երեմյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը Aravot.am-ին ասաց, որ մեղադրանքում կան էական հակասություններ, որոնք հիմա չեն երեւա։ «Բայց ակնհայտորեն պաշտպանական կողմը՝ յուրաքանչյուրն իր պաշտպանյալի դրվագի հետ կապված, ներկայացրեց, որ ապացույցները, որ դրված են մեղադրանքի հիմքում, ամբողջական չեն, որ դատարան բերված մեղադրանքը, չի համապատասխանում իրականությանը եւ գործի ընթացքում պարզ կլինի, որ շատ հանգամանքներ այնպես չեն, ինչպես ներկայացված են մեղադրանքում»,-պարզաբանեց պաշտպանը։
Կարդացեք նաև
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 16:00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ