Մայիսի 12-ին Արցախին զորակցելու եւ 1994թ․ հայերի հաղթանակն ազդարարող զինադադարի կնքման 29-րդ տարվա առիթով հավաք էր կազմակերպվել Ազատության հրապարակում՝ «Պահենք Արցախը՝ պահենք Հայաստանը» խորագրով: Հավաքի վերջնակետը «Նեմեսիսի» վրիժառուների արձանի մոտ էր։
«Առանց Արցախի Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է, հետեւաբար, եթե ուզում ենք ապրել Սյունիքում, պիտի պահենք Արցախը, եթե ուզում ենք ապրել Գեղարքունիքում, պիտի պահենք Արցախը, Հայաստանի Հանրապետության որեւէ կետում ապրելու համար նախ եւ առաջ պետք է պահել Արցախը: Արցախը կուսակցություններ կամ քաղաքական շահեր չի ճանաչում, մասնակցեք , Արցախի ճանապարհը բացելու եւ 120 հազար հայերի կյանքը փրկելու նախաձեռնություններին »,-կոչ էր անում լրագրող, հանրային գործիչ, միջոցառման կազմակերպիչներից Նաիրի Հոխիկյանը:
Նա փաստեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են զորք կուտակել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության առաջնագծի մոտ, հետեւաբար իրավունք չունենք հանգիստ նստել, երբ առաջնագծում հայ զինվորն է կանգնած եւ վտանգում է իր կյանքը, իսկ 120 հազար հայ ամեն օր գոյության կռիվ է մղում:
Կարդացեք նաև
«Հայրենիքը երբեք պատմական ոչ մի շրջափուլի ժամանակ մեզ չեն նվիրել…Այսօր եւս իրավունք չունենք մեր հարմարվողականության, անտարբերության, անձնական շահերի պատճառով պարտվել թշնամուն»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը:
Հավաքի կազմակերպիչները բոլորին կոչ էին անում մասնակցել Արցախի ինքնորոշման եւ Արցախի ճանապարհը բացելու նախաձեռնությանը՝ անկախ կուսակցական եւ այլ պատկանելությունից: Նրանք վստահ են, որ պայքարը դուրս է գալու Հայաստանի սահմաններից եւ միավորելու է ամբողջ հայությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ