Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նոր գնորդը

Մայիս 12,2023 20:45

Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որն այս քաղաքի յուրօրինակ ճարտարապետություն ունեցող, կոլորիտային շենքերից է, տեղի  գործարարներից մեկի հետ դարձյալ ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։

Գյումրու քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը ուղղակի վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ անցած տարի Վարդան Սրմաքեշն այն գնել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունից։

Հիշեցնենք, որ շվեցարահայ գործարարը «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում բազմաթիվ պատմական շենքեր է գնել՝ դրանք հյուրանոցների ու հյուրատների վերածելու նպատակով։ Դրանցից մեկը  Ռուսթավելի փողոցում է, երկուսը՝ Աբովյան ճեմափողոցում, որտեղ ձեռք է բերել հին ԿԳԲ-ի ու հին բաղնիքի շենքերը։

Շվեցարահայ գործարարին ՀՀ  կառավարության կողմից նվիրաբերվել է  նաև Գյումրու «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) պատմամշակութային շենքը, որտեղ պիտի կարի գործարան կառուցեր, սակայն կառուցելուց ու գործարկելուց հետո կարճ ժամանակ անց այն դադարեց աշխատել։

Գյումրու գլխավոր ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ նոր սեփականատերը ցանկություն է հայտնել նախագծային փոփոխություններ կատարել «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում, մասնավորապես կտուրում․ այնտեղ սրճարան բացել։ Գյումրու քաղաքապետարանը, սակայն, թույլտվություն չի տվել։

Հիշեցնենք, որ այս կինոթատրոնի շենքի վաճառքի հետ կապված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա հարուցված․ այն 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր ), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Գնորդը եղել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն։

Քրեական վարույթը պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով է։

Այս կինոթատրոնի հեղինակը Լենինականի առաջին գլխավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանն է, ով ծնվել է Արցախի Շուշի քաղաքում, կրթվել Սանկտ-Պետերբուրգում, որից հետո բնակություն է հաստատել Թբիլիսում։

Նա Գյումրի էր հրավիրվել Թբիլիսից, հայտնի էր պալատական առանձնատների, հանրային ու արդյունաբերական նշանակության շինությունների կատարած իր նախագծերով։

Կինոթատրոնը կառուցվել է 1926 թվականին, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության պատվին անվանակոչվել է «Հոկտեմբեր»։

Այն ժամանակին Գյումրիում գործող չորս կինոթատրոններից մեկն էր, իսկ այսօր՝ միակը։

Կինոթատրոնը գյումրեցիների ամենասիրած ժամադրավայրերից է եղել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031