«Անջատեք, անջատեք, պարոն Պողոսյան, անջատեք Ձեր հեռախոսը»,- Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Միհրան Պողոսյանին դիմեց գործով դատավոր Արամ Գրիգորյանը։ Դատական նիստից տեսանյութը հրապարակել է Միհրան Պողոսյանը։ Տեսանյութում երևում է, որ դատավորը պատճառաբանում է, թե դատական նիստը դռնփակ է, ուստի փաստաբանն իրավունք չունի տեսաձայնագրել։ Միհրան Պողոսյանն էլ արձագանքեց․ «Ես տեսաձայնագրություն եմ իրականացնում, քանի որ պետական գաղտնիք չի հրապարակվում այս պահին»։
Այդ ընթացքում Գրիգորի Խաչատուրովի մյուս պաշտպան Հակոբ Ենոքյանն իր առարկություններն էր ներկայացնում դատարանին։ Նախագահող դատավորն ասաց․ «Պարոն Պողոսյան, Ձեզ նախազգուշացնում եմ, որ նման վարքագիծ այլևս չդրսևորեք, անջատեք հեռախոսը և ենթարկվեք դատարանին»։ Միհրան Պողոսյանը հարցրեց՝ ի՞նչ հիմնավորմամբ, դատավորը պատասխանեց․ «Դռնփակ դատական նիստերն իրավունք չունեք տեսաձայնագրել»։
Փաստաբանն ասաց՝ որևէ տեղ արգելված չէ, որ պաշտպանությունն իրականացնենք այն միջոցներով, որոնցով օրենքը չի արգելում պաշտպանություն իրականացնել։ Այս պահին, քանի որ պետական և այլ գաղտնիք չի հրապարակվում, ընդամենը դատարանն անօրինական գործողություններ է իրականացնում, ես այդ հիմքով իրականացնում եմ ձայնագրություն։ Երբ կհրապարակեմ պետական կամ ռազմական գաղտնիք, խնդրում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Պարոն Ենոքյանն առարկություններ էր ներկայացնում Ձեր գործողությունների դեմ։ Դրանք որևէ պետական ու ռազմական գաղտնիք չեն պարունակում»։
Արամ Գրիգորյանն էլ հակադարձեց՝ դատական նիստը դռնփակ է․ «Դուք տեղյա՞կ եք՝ խախտում ենք օրենքը»։ Միհրան Պողոսյանն ասաց․ «Ես կանջատեմ միայն այն ժամանակ, երբ դատավարությունը վերադառնա քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բնականոն հուն»։ Դատավորը որոշեց սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ ու հայտարարեց․ «Դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողություն։ Ձեզ նախազգուշացվում է, որ այսուհետ դրսևորեք պատշաճ վարքագիծ»։ Միհրան Պողոսյանն էլ նշեց․ «Դատական սանկցիա կիրառելուց առաջ Դուք պարտավոր եք կարգապահական խախտում թույլ տված մասնակցից ճշտել իր դիրքորոշումը կատարված խախտման հանդեպ։
Կարդացեք նաև
Եթե Ձեր կարծիքով՝ Դուք նախազգուշական սանկցիայի մասին քրեական դատավարական օրենսգրքով կարդացել եք, դրա կիրառման ընթացակարգը չպատկերացնելով՝ կարող եք սանկցիա կիրառել, Ձեզ սխալ է թվում այդ հանգամանքը։ Ես Ձեզ հորդորում եմ՝ ինչպես մեղադրանքի կողմն էր հորդորում՝ նախազգուշացնել դատավարության մասնակիցներին․․․մեղադրողը կարող է Ձեզ հորդորել, պաշտպանական կողմը չի կարո՞ղ։ Թե՞ դատախազի կողմից հորդորվելը լավ է ստացվում»։
Դատավորը հակադարձեց՝ ինձ ոչ մեկն էլ չի հորդորում, չի կարող։ Միհրան Պողոսյանն ասաց․ «Նախորդ դատական նիստին պարոն Հովակիմյանը Ձեզ հորդորեց, որ Դուք պետական և ռազմական գաղտնիքի՝ չբացահայտման վերաբերյալ նախազգուշացնեք դատավարության մասնակիցներին, ինչից հետո անմիջապես այդ գործողությունը կատարեցիք։ Հորդորել բառը ոնց որ Ձեզ մոտ ինչ-որ դիսոնանս է առաջ բերում, երբ պաշտպանության կողմն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից