Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ մտովի չեմ ընկնելու Հադրութի անտառները երեխուս ոտքերն ու ձեռքերը ման գամ. 2,5 տարի անց զոհվածի ծնողները գտել են որդու մարմինը

Մայիս 12,2023 18:50

2020 թվականի քառօրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մարմինը երկու օր առաջ է հանձնվել ծնողներին: 2021 թվականին Եռաբլուրում հուղարկավորել էին զինվորի գլուխը: Մարմինը ծնողները չէին էլ գտնի, եթե իրենց սեփական նախաձեռնությամբ որդու զոհվելուց երկու տարի անց դեռ դիահերձարաններում չշարունակեին փնտրել:

«Շուտով կլինի երկու տարի, որ Վահագը Եռաբլուրում է ամփոփված: Համարյա երկու տարի երազում էի, որ գտնեի ամբողջ մարմինը: Մեզ մասունք են տվել, ճիշտ է՝ շատ կարեւոր մասունք: Դա անդադար ինձ տանջում էր, հա ասում էի՝ լավ ինչ եղավ իմ երեխեն, սարի պես տղա եմ տվել էս պետությանը, բանակին: Հա ասում էի՝ միթե չեմ գտնելու ոտքերը, ձեռքերը, լավ, կենդանիների՞ն բաժին հասավ իմ երեխեն»,- «Բլոգնյուզի» խմբագիր Արամ Գեւորգյանի տեսանյութում պատմում է զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Ալինան: Նրա խոսքով, մեկ այլ զոհված զինծառայողի ծնող իրեն խորհուրդ է տվել զանգահարել Հերացու դիահերձարան, որտեղ, ըստ նրա, նախորդ տարի էլի եղել է դեպք, երբ զոհվածի ծնող է զանգահարել, պարզել՝ որդու մասունքներն այնտեղ են:

Այդ խոսակցությունից հետո տիկին Ալինան զանգել է, պարզել, որ որդու ամբողջական ճանաչելի մարմինը Մեծամորի դիահերձարանում է. «Դաջվածքը թեւին լրիվ երեւում է, 2020 թվականի նոյեմբերի 21-ից Վահագը մեզ մոտ է՝ Հայաստանում է, ամսի 24-ին եղել է Կապանում, այնտեղից ուղարկել են Մեծամոր, փորձանմուշ են վերցրել հենց դաջվածքի թեւի վրայից: Բայց դաջվածքը չեն տեսել, ամբողջ խնդիրը գալիս է հենց այդտեղից, դաջվածքով էլ ենք ման եկել: Մարմինը ոչ այրված էր, ոչ վնասված, չեք պատկերացնում ուղղակի: Սա չեմ պատրաստվում ներել: 2,5 տարի ուղղակի պահեն զինվորին այդ ձեւով, սա ուղղակի հանցագործություն է իմ զինվորի հանդեպ: 2020 թվականին,երբ նորմալ ամեն ինչ արվեր, ես կճանաչեի իմ երեխային, նույնիսկ ԴՆԹ-ի կարիք չէր լինի»:

Տիկին Ալինայի խոսքով, թեեւ որդու ամբողջական մարմինն է եղել Մեծամորի դիահերձարանում, սակայն այնտեղից իրենց ասում էին մասունք, քննչական մարմնից էլ բացատրել են, թե քանի որ մասունք է եղել գրված, չեն ցանկացել լրացուցիչ սթրեսի ենթարկել իրենց՝ մտածելով գուցե այլ մասունքներ էլ հայտնաբերվեն ու ծնողներին միանգամից սթրեսի ենթարկեն. «Երեւի այդ թուղթն էլ մի տեղ դրվել ու մոռացվել է, որովհետեւ Վահագն իրենցը չէ, որ ցավ ապրեն, ասեն՝ այս ծնողը ամբողջ օրը ցավ է ապրում, ասում ՝ երեխուս մարմինն ուր է: Խնդիրը, բայց գիտեք՝ որն է, որ երբ առողջապահության նախարարը ասում է՝ էլ նմուշներ չկան, ամբողջն արված է, համընկումները կան, ծնողները չեն վերցնում, պարզվում է մի ծնող էլ ե՞ս եմ, որ չեմ վերցրել: 2,5 տարի երեխաս այնտեղ է, ես չեմ վերցրել: Ծնողին պետք է ասեք, ծնողը պիտի իմանա՞, որ այնտեղ համընկում կա: Ոնց կարող են զինվորի հագուստը հանեն, թեւի դաջվածքը չտեսնեն»:

Տիկին Ալինային վրդովեցրել է նաեւ այն, որ որդու մարմինը 2020 թվականի նոյեմբերից ՀՀ-ում է, բայց որդու անունը ԱԱԾ-ում գտնվող գերիների ցուցակում է եղել. «Անդադար գնում էինք ԱԱԾ հանդիպումների, իրենք հեքիաթներ էին պատմում, որ աշխատում են: Հրաշք դերասաններ են, որ մեր ծնողների հավատի մեջ այնպես մտան, որ մտածեցինք՝ այսպիսի սրտացավ մարդ, հեսա երեխեքին կբերեն: ԱԱԾ-ն էլ է զրո, շատ լավ դերասաններ են… միշտ երանի եմ տվել էն ծնողներին, ում երեխեքին ամբողջական են տվել, էսօր նոր իմ երեխեն տուն է եկել, իմ մոտ է եկել, իմ խիղճն էսօր մի քիչ հանգստացել է, որ էլ մտովի չեմ ընկնելու Հադրութի անտառները ոտքերը ման գամ, ձեռքերը ման գամ: Ես այսօր երանելիության մեջ եմ այս առումով: Փաստորեն, եթե երկուշաբթի չզանգեի, չէի իմանալու»:

Քննչական կոմիտեից տիկին Ալինայի հարցազրույցին  Արամ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջում այսպես են արձագանքել:

«Դուք հանգամանքներին ամբողջությամբ չեք տիրապետում․ նույնականացումները շարունակական գործընթաց են․ երբեմն լինելու է, որ նույնականացման արդյունքում տվյալներ են ստացվում, որ մասունքն արդեն հուղարկավորված զինծառայողի է վերաբերում։ Նման դեպքերում, հենց ծնողների գիտությամբ ու ցանկությամբ, ավելորդ սթրեսի չենթարկելու նպատակով նրանց մասունքը փոխանցվում է, երբ վերջնականապես համոզվածություն է լինում նույնականացման հարցում։ Գուցե ճիշտ չի մանրամասների մեջ մտնելը, բայց քանի որ բաց տեքստով խոսվում է այս ամենի մասին, ու իրականությունը մասնակի է ներկայացվում, ստիպված ենք արձանագրել, որ տվյալ դեպքում էլ զինծառայողի՝ մինչ այդ մասունքի նույնականացում՝ գանգոսկրով, արված է եղել, վերջինս հուղարկավորվել է և մահվան վկայական է տրվել։ Սակայն հետագայում այլ մասունքի նույնականացման արդյունքում տվյալներ են ստացվել , որ այն ևս պատկանում է տվյալ զինծառայողին։

Բայց ելնելով իմ նշած՝ վերջնական համոզվելուց հետո ծնողին հանձնելու որդեգրված մոտեցումից, ծնողին այդ մասին չի տեղեկացվել։ Ընդ որում՝ քանի որ Քննչական կոմիտեն անմիջականորեն մարմինների կամ մասունքների հետ գործ չի ունենում, չի երևում նաև՝ նույնականացվածը եղել է մասու՞նք, թե՞ մարմին։ Հակառակ դեպքում, անմիջապես կկազմակերպվեր մարմնի փոխանցումը ծնողներին։ Վերջիններիս հետ Կոմիտեն ինտենսիվ հաղորդակցության մեջ է։ Այս դեպքում էլ, քանի որ տվյալը Կոմիտեում եղել է մասունքի նույնականացման մասին, Կոմիտեն սպասել է, մինչև ամբողջական ամփոփման գործողություններն արվեն, որից հետո միայն իրականացվի նույնականացված մասունքների փոխանցումը ծնողներին։ Շատ ցավալի է այս ամենի մասին խոսելը․ բայց ցավոք, սրտի, կրկնում ենք, ցավոք սրտի, նման անցանկալի իրավիճակներից խուսափել չի լինում։ Անկախ ամեն ինչից՝ մեր խոնարհումը զոհվածների ծնողներին ու հարազատներին, նրանց չամոքվող ցավին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031