Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհի ամենախոշոր միջազգային մրցույթներից մեկը՝ «Գիտելիքն ուժ է» խորագրով մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան, որը 4 տարի անընդմեջ Հայաստանում կազմակերպում է IQ Center Global Education-ը։
Սա IQ Center Global Education-ի կազմակերպած միջազգային օլիմպիադաներից 22-րդն է, և 4-րդը՝ օֆլայն օլիմպիադաներից։ Իր մասշտաբայնությամբ օլիմպիադան ամեն տարի ընդգրկում է ավելի ու ավելի շատ երեխաների և գրանցում ռեկորդային ցուցանիշներ։
Օլիմպիադայի շրջանակում՝ ամբողջ աշխարհից Երևան են ժամանել 4-15 տարեկան 600-ից ավելի երեխա՝ մասնակցելու ամենահեղինակավոր և ամենամասշտաբային մրցույթին։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հատուկ հյուրեր արտասահմանից և Հայաստանից, մի շարք գործարարներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչ-փորձագետներ։
Կարդացեք նաև
Ինչպես նշեց IQ Center Global Education հիմնադիր տնօրեն Յուլիա Գասպարյանը, օլիմպիադայի խորագիրն առավել, քան երբևէ ունի ասելիք ամբողջ աշխարհին․ լավագույն ուժը գիտելիքն է, իսկ խորհրդանիշ սպիտակը՝ բուն կրթության, խելքի, գիտելիքի ու խաղաղության ընդգրկուն պատկերն է։ Բոլոր ժամանակների հզորագույն զենքը գիտելիքն է, և այս զենքով պայքարը միշտ տալիս է հաղթական պտուղներ մարդկությանը` անկախ ազգությունից։ Պայքարելու և արարելու միակ ուղին գիտելիքն է։
IQ Center Global Education-ը կրթության և կատարելագործման կամուրջ է, որ կապում է Հայաստանի բոլոր մարզերը՝ գիտելիքի շուրջ համախմբելով բազմաթիվ տաղանդավոր երեխաների ու պատանիների։
«Գիտելիքն ուժ է» Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարվեցին այս տարվա հաղթողների անունները։ Սուպերչեմպիոնի պատվավոր տիտղոսը կիսեցին հավասար արդյունքներ գրանցած երկու մասնակից` Արինա Աբելյանը և Էդուարդ Փաշայանը։
Ներկաներն ու հատկապես երեխաները վայելում էին լուսային ու գունային անհավանական շոուները, երաժշտական կատարումները, ակտիվ մասնակցում վիկտորինաներին, մրցույթ-խաղերին, ֆլեշմոբերին։ Մասնակիցներին ուղեկցող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում գործել է ցուցահանդես:
Օլիմպիադային կից գործում էր մեծ էքսպո ցուցահանդես-վաճառք, որում ներկայացված էր 35-ից ավելի ընկերություններ։
Ծնողներն էլ իրենց հիացմունքն ու շնորհակալությունն էին հայտնում այսպիսի մեծամասշտաբ կրթական ծրագիր կազմակերպելու համար։ «Թեպետ եկել ենք հեռավոր մարզից, բայց մեծ բավականություն ստացանք, մեր երեխաներն էլ ավելի ոգեւորվեցին եւ ոգեշնչվեցին, սպասելով հաջորդ օլիմպիադայի կայացմանը»,- նշեց նրանցից մեկը։
4 տարեկան Լիկայի մայրն էլ պատմում է․ «Ես զարմանում եմ՝ 4 տարեկան երեխան շատ կարճ ժամանակ հաճախելով դասերին, այսքան արագ ճանաչում է թվերը, այսքան վարժ տիրապետում է գործողություններին։ Ու ինչ ոգեւորվածությամբ եւ պատրաստակամությամբ է սպասում հաջորդ պարապմունքին»։
Լիաննա Բադալյանի խոսքով, որդին Դավիթը մրցույթից շատ ոգեւորված է, ասում է՝ ինքն ու ընկերները չեմպիոններ են:
Արեւ ԲԱՐՍԵՂՅԱՆ