Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը դժվարացավ ասել, թե քանի տոկոսով կծանրանա բժշկական սպասարկման ֆինանսական բեռը

Մայիս 12,2023 17:44

Որքան էլ չուզենանք ասել, այդուհանդերձ հասկանալի է, որ բժշկական սարքավորումների պարբերաբար արդիականացումը բերելու է բժշկական ծառայությունների թանկացման, որքանո՞վ է բարձրանալու բժշկական ծառայություն ստացող քաղաքացու բեռը: Այս հարցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, երբ նա ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի 2-րդ ընթերցումը:

Արմենուհի Կյուրեղյան

«Կդժվարանամ ընդհանուր թիվ կամ տոկոս ասել, որովհետև դա խիստ տարբերակված կլինի, թե ինչ ծառայության է վերաբերվում, որովհետև մենք չեն կարող, օրինակ, համակարգչային շերտագրման ներդրումը բաժանել ընդհանուր ծառայությունների վրա, բայց մենք ծառայությունների փոխհատուցման համակարգում արդեն իսկ հաշվի ենք առնում, որ այո, ամորտիզացիոն ծախսերը, որոնք որ պետք է ներդրվեն՝ սրա արդյունքում պետք է հանգեցնեն ծառայությունների վերահաշվարկի: Բացի դրանից՝ մենք չենք թողնում բժշկական կենտրոնների վրա որպես ֆինանսական բեռ, այլ պետությունն ինքը որպես կապիտալ ներդրում աջակցում է, որ այդ թարմացումները իրականացվեն»,-պատասխանեց Ավանեսյանը

Նախագիծը ներկայացնելիս, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ բավականին մանրամասն քննարկվել է, եղած մի քանի առաջարկներն էլ ներառվել են այս նոր տարբերակում: Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով առաջարկները՝ փոփոխությունների ժամկետը 6 ամսից երկարացվել է մինչև մեկ տարի:

Դեղագործական արտադրությունների մասով հանվել է այս օրենքով լիցենզավորման պահանջը, քանի որ արդեն դրանց նկատմամբ գործում է 3 տարին մեկ անգամ դիտարկման ինստիտուտը: «Այս նախագծով առաջարկվում է, որ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան և դեղատնային լիցենզիաները դառնան ժամկետային, որպեսզի մենք վստահ լինենք, որ բժշկական կազմակերպությունները և դեղատները ժամանակին համընթաց վերափոխում են իրենց կարողությունները և ունենում են որակյալ ծառայություններ մատուցելու համար, և՛ ենթակառուցվածքներ, և՛ նկարագրված պրոցեսներ, և՛ բժշկական տեխնիկա»,-նախագծի էությունն այսպես ներկայացրեց առողջապահության նախարարը:

Պատգամավոր Կյուրեղյանի այն հարցին, թե կա՞ն արդյոք արդիական սարքավորումների չափորոշիչներ, հիմնական սկզբունքային մոտեցումներ, որոնք պետք է դրվեն սահմանման հիմքում՝ Ավանեսյանը հավաստիացրեց, որ ունեն այդ չափորոշիչները: Նրա խոսքով՝ այս փոփոխությունների նպատակն էլ հենց այն է, որ բժշկական կազմակերպությունները հստակ ժամանակացույց ունենան սարքավորումների և բժշկական սպասարկումների արդիականացման: «Այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի հստակեցվի բժշկական սարքավորումների բարոյական մաշվածության հարցը, հստակ կլինի, օրինակ` որ թվականից առաջ արտադրված ռենտգեն սարքավորումն այլևս օգտագործման ենթակա չէ: Սա շատ կարևոր հարց է նաև բժշկական թափոնների կառավարման առումով, երբեմն զարգացած երկրներից մատչելի գներով, անգամ նվիրատվությամբ ձեռք է տալիս այդ սարքավորումները ուղարկել զարգացող երկրներ, որպեսզի հետո ուտիլիզացիայի վարձավճարներ չունենան: Ուստի, ինչպես մեքենաների հարցն է օրակարգային, այնպես էլ բժշկական սարքավորումների»,-եզրակացրեց Ավանեսյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031