Մայիսի 14-ին Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Թեկնածուներից ո՞վ ունի հաղթելու ավելի մեծ հնարավորություն, արդյոք հարևան երկրում հետընտրական ցնցումներ կլինե՞ն։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած «Թուրքիան ընտրություններին ընդառաջ» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ թեմային անդրադարձ կատարեց Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արևելքի երկրների պատմության ամբիոնի դոցենտ Պավել Շլիկովը։
«Ինձ թվում է՝ այս ընտրությունները չափազանց կարեւոր են Թուրքիայի համար, քանի որ կանխորոշելու են Թուրքայի քաղաքական համակարգի, երկրի տնտեսական մոդելի հետագա զարգացումը եւ այն, թե ընդհանրապես ինչպես են կարգավորվելու Անկարայի հարաբերությունները աշխարհի հետ»,-ասաց Շլիկովը: Նաեւ հավելեց, որ ընդդիմության հաղթանակը առաջին հերթին նշանակելու է ներքաղաքական օրակարգի վրա սեւեռում:
Նա անդրադարձավ նաեւ 4 թեկնածուներից մեկի՝ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեի՝ ընտրություններից երեք օր առաջ թեկնածությունը հանելուն: Այժմ ընտրապայքարում մնացել է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Աթա դաշինքի թեկնածու Սինան Օգանը:
Մոսկվայի պետական համալսարանի դոցենտն ասաց, որ Թուրքիայի ընտրությունները անկանխատեսելի վերջաբան կարող են ունենալ: Հիշեցրեց, որ Թուրքիայում ապրող քրդերը ավանդաբար իրենց ձայները տալիս էին Արդարություն եւ զարգացում կուսակցությանը, ինչը բացատրվում է այդ կուսակցության ուշադրությամբ քրդաբնակ շրջաններին:
Կարդացեք նաև
Նա շեշտեց. «Նկատենք, որ Էրդողանն այլեւս առաջվանը չէ, նրա առողջությունը զգացնել է տալիս.. Բայց մյուս կողմից, եթե անգամ Էրդողանը պարտվի նախագահական ընտրություններում, միեւնույն է մնում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի լիդերն է Էրդողանը: Անգամ ընտրություններում չհաղթելու դեպքում Էրդողանը դժվար թե հանգստի անցնի, նա կշարունակի քաղաքական պայքարը այլ ձեւաչափով»:
Նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացնում է «Ժողովրդական դաշինքը», որում 4 անդամակցած եւ 2 սատարող կուսակցություններ են, հիմնականը, սակայն, վերջին տասնամյակներին իշխող «Արդարություն և զարգացումն» է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ