«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցներն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանը: Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի, 2023 թվականի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022 թվականների որոշումների կատարումը եւ դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:
Նախաձեռնող խմբի աջակիցներից Գարիկ Գեւորգյանը լրագրողներին ասաց, որ Ռուսաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Ըստ նրա՝ արդեն 150 օր է՝ չի գործում եռակողմ հայտարարությունը։ «Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրության համաձայն՝ Բերձորի միջանցքը պետք է գործեր։ Բայց կարելի է ասել, որ այսօրվանից միջանցքն ամբողջովին փակ է, որովհետեւ անգամ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում անցնել։ 120 000 հայ, լինելով Հայաստանի քաղաքացի, բլոկադայի մեջ է։ Կոչ ենք անում ստորագրած կողմերին՝ քայլեր ձեռնարկեն, որպեսզի այսօրվա իրավիճակը փոխվի։ Մենք դիմեցինք Ֆրանսիային ու ԱՄՆ-ն, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են։ Կոչ ենք անում համանախագահ երկրներին, որպեսզի գործով աջակցեն, կանգնեն Հայաստանի ու Արցախի կողքին։ Մենք միայն խոսքեր ենք լսում արդեն 150 օր։ Բոլորը ցավում են, սրտացավ են, մտահոգ են, բայց ինչ-որ քայլ չտեսանք։ Ցավոք սրտի, երեւի թե Ադրբեջանի գազը շատ տաք է։ Հայաստանի կառավարությունն էլ պետք է ավելի հստակ արտահայտի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ»,- ասաց Գարիկ Գեւորգյանը։
Ըստ նրա՝ անտարբերություն կա նաեւ Հայաստանում։ «Այս անտարբերությանը, որը ցուցաբերվում է Հայաստանի ու աշխարհի կողմից, պետք է վերջ տալ։ Մեր ամենամեծ խնդիրն այսօր ոչ միայն Արցախի հարցում, այլ նաեւ Հայաստանի սահմանին տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն է։ Պետք է փորձենք այս քայլով դա էլ կոտրել»,- ասաց նա։ Գարիկ Գեւորգյանի խոսքով՝ Արցախում ստեղծված նախաձեռնող խումբն ունի հետագա քայլերի ծրագիր, որը կիրագործի։
Նախաձեռնության աջակիցների թվում են նաեւ արցախցի երիտասարդներ, ովքեր ուսման նպատակով Երեւանում են։ Նրանցից Տիգրան Միքայելյանը լրագրողներին ասաց, որ արցախցիների պահանջն են ներկայացնում այն մարմիններին, որոնք պատասխանատվություն են ստանձնել ինչ-որ կերպ աջակցելու Արցախի Հանրապետությանը։ «Պահանջագրում կետ առ կետ նշված է, թե ՀՀ կառավարությունը, ՄԱԿ-ը, համանախագահ երկրները յուրաքանչյուրն ինչ անելիքներ ունեն։ Յուրաքանչյուր քայլ, որը միտված է Արցախը հայկական պահելու, այսօր կարեւոր է։ Մեր ժողովուրդն ուզում է ազատ ու անկախ ապրել մեր տներում, մեր հայրենիքում։ Ինչպես գիտենք, ստորագրահավաքը, որը մեկնարկել է Արցախում, դրան օնլայն տարբերակով արդեն միացել են Սփյուռքի մեր հայրենակիցները։ Միանշանակ, արդեն աշխուժություն նկատվում է, Սփյուռքն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինչ-որ ձեւով բարձրաձայնի Արցախի՝ արդեն 5 ամիս տեւող շրջափակման հարցը»,- ասաց նա։
Նախաձեռնության աջակիցները նաեւ հիշեցնում են, որ 1994 թվականի այս օրը՝ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։ Ըստ նրանց՝ 29 տարի առաջ Ադրբեջանը խնդրում էր, որպեսզի հայկական կողմը կանգնեցներ ռազմական գործողությունները, բայց այդ համաձայնագրից 27 տարի անց հարձակվեց Արցախի վրա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ