«Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով-2023»-ը մեկնարկել է: Ներկաներին ողջունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
«Ունենք փայլուն բժիշկներ Հայաստանում և արտերկրում, բայց մեր նպատակն է ունենալ ոչ միայն փայլուն բժիշկներ, այլև լավ համակարգ, ուղեցույցների վրա կառուցված, պացիենտակենտրոն, որակյալ բժշկական ծառայություն:
Ուրախ ենք, որ նման մակարդակի միջոցառումներն անցկացվում են Հայաստանում, քանի որ դրանք նպաստում են սրտանոթային հիվանդություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշները նվազեցնելու մեր քաղաքականությանը: Մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված կրթական և գիտական ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն այս ճանապարհին»,- նշել է նախարարը:
Նա կարևորել է առողջ ապրելակերպի խթանումը, քրոնիկ հիվանդությունների հսկումը և թանկարժեք տեխնոլոգիական ծառայությունների մատուցումը` առողջ հասարակություն ունենալու համար:
Կարդացեք նաև
Մասնագետները կծանոթանան սրտաբանության ոլորտում եվրոպական ուղեցույցներին, դրանք ամեն տարի կթարմացվեն և կներդրվեն ամենօրյա աշխատանքում:
«Այս պրակտիկան ողջունում է առողջապահության նախարարությունը, ուստի մեր մոտեցումները համընկնում են: Մեր սրտաբանների համար լավ հնարավորություն է շփվելու եվրոպացի գործընկերների հետ մեր երկրում, իսկ եվրոպացի սրտաբանները կտեսնեն` ինչպես ենք կիրառում ուղեցույցները պրակտիկայում»,-իր խոսքում նշել է սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս կարևորել է նման միջոցառման անցկացումը Հայաստանում: Նրա խոսքով` Ֆրանսիացի սրտաբանների ներկայությունը հաստատում է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների, դեսպանությունների և, ընդհանուր առմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
ՀՀ առողջապահության նախարարություն