Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Այս ուսումնասիրություններն ամփոփված են «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած նոր զեկույցում, որը վերաբերվում է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակմանը: Զեկույցի պատրաստման աշխատանքներում ներգրավված է եղել նաեւ Սիրանույշ Սահակյանը: Արման Թաթոյանն ու Սիրանույշ Սահակյանն այսօր ներկայացրին զեկույցը։
«Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում եւ Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում, որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,-մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ, ադրբեջանցի հատուկջոկատայինների առջեւ խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։
Հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմում ներգրավվել էր ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը, որի անդամները հատկապես դաժան էին գործել Հադրութում։ 2022 թվականին էլ թուրքական բանակի մոդելով ստեղծվել էր «Կոմանդո» ստորաբաժանումը, որի անդամներին վերապատրաստել են թուրք զինվորականները:
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է՝ ինքը դեռ 2022 թվականին հայտնել էր, որ հստակ ապացույցներ կան` Իշխանասարի «Հովազ 1» բարձունքում, հայ ռազմագերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը։ Այդ ժամանակ դեպքի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ դիրքում 9 զինծառայող է եղել, 4-ին գնդակահարում են ադրբեջանցի զինծառայողները, սակայն հնարավոր էր եղել նույնականացնել նրանցից 2-ին։
Արման Թաթոյանն էլ անդրադարձավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրմանը: Ըստ նրա, անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից եւ լուծել իր խնդիրը. «Սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է»:
Անցակետի տեղադրումը բանախոսը համարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում ու հավելում, որ զուգահեռաբար Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, կրակում են։
Արման Թաթոյանի բնութագրմամբ, Ադրբեջանն իրականացրեց լավ պլանավորած գործողություն՝ օգտագործելով, այսպես կոչված, էկոակտիվիստներին, ինչի արդյունքում, փափուկ ուժի միջոցով անցակետ տեղադրեցին. «Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։ Մի պահ պատկերացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք: Անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել: Ասում են՝ դե լավ բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է՝ աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք. բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասացին պետք է զինվոր կանգնի, հետո ասացին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ: Նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։ Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ