Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիական հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

Մայիս 12,2023 15:48

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։

Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։

20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։

Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ համագործակցությունը. ներկայացվում է Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը՝ հայ մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին և երաժշտական մենեջերներին։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել