«Հայաստանում գործող, նույնիսկ ՀՀ-ից դուրս գործող միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմիններն արձանագրել եւ բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Ուստի որպես աղբյուր պետք է օգտագործվեին հայկական, ոչ թե ադրբեջանական աղբյուրները: 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ մենք խոսել ենք եւ շարունակում ենք խոսել հավելյալ 80 դեպքի մասին: Ընդ որում, այդ 80 դեպքի վերաբերյալ նաեւ տեղեկություններ են տվել միջազգային կառույցներին: Այսինքն` սա մեզ համար ոչ թե վերացական թիվ է, այլ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կա հստակ նկարագրություն, ինչը ստուգելի է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել էր Ադրբեջանում գտնվող 33 հայ գերիների մասին, մինչդեռ, ըստ տարբեր վկայությունների, այդ թիվը տասնապատիկ անգամ ավելի է: Ավելի վաղ,պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվողների թիվը շատ ավելին է, քան հաստատել է Ադրբեջանը:
«Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց է հրապարակել, որը վերաբերվում է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակմանը: Զեկույցի պատրաստման աշխատանքներում ներգրավված է եղել նաեւ Սիրանույշ Սահակյանը: Արման Թաթոյանն ու Սիրանույշ Սահակյանն այսօր ներկայացրին զեկույցը:
Ըստ զեկույցում տեղ գտած ուսումնասիրությունների, Ադրբեջանում հայերի նկատմամբ արտադատական, կամայական սպանությունների թիվն աճել է։
Կարդացեք նաև
«Օրինակ, 2022 թվականի պատերազմի շրջանակում մենք 33 գերեվարման դեպք էինք արձանագրել եւ փաստահավաք առաքելությամբ կարողացել ենք ապացուցել 14 անձի արտադատական, կամայական սպանություն դաշտային ադրբեջանական զինծառայողների կողմից։ Այսինքն` մոտ 40 տոկոս սպանություններ ունենք: Գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ավելի շատ դեպքեր են արձանագրվել, եթե համեմատենք 2020 թվականի պատերազմի հետ։ Սա վկայում է, որ 2020-ի դեպքերը ծնել են անպատժելիություն, ինչը խրախուսական է եղել 2022-ին պատերազմին մասնակցած ադրբեջանցի զինծառայողների համար»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։
Ինչ վերաբերվում է նրան, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է նրանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող եւ նպատակաուղղված գործողություններին, Սիրանույշ Սահակյանը մանրամասնեց. «Մենք 2020-ին դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարները տեղադրել էին հենց սոցիալական մեդիայի իր էջում: Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին եւ այդ անձի կամ նրա զինակիցների մասնակցությամբ պատերազմական հանցագործություններ բացահայտող լուսանկարները ուղարկել էին հարազատներին»:
Սիրանույշ Սահակյանը նաեւ անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու միտում է արձանագրել. «Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիությունը ունեն զոհված զինծառայողի մարմնին, սակայն նրանք միտումնավոր չեն վերցնում դին եւ չեն հանձնում ընտանիքի անդամներին: Նաեւ ցուցադրական մոտենում են, լուսանկարվում են, լուսանկարները տարածում են մեդիայում: Սա ցայտուն վկայություն է, որ այն անհետ կորածների թիվը, որ ունենք դեռեւս 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ»:
Ըստ բանախոսի, ժամանակակից պայմաններում գրեթե անհնար է դիերի գտնվելու վայրը չիմանալը. «Անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելը ընդամենը վրեժխնդրություն է՝ ի պատասխան դեռեւս 1990-ականներին ադրբեջանական կողմի անհետ կորածների գոյության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ