Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն ու Իրանն ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ հիմնական քննարկումները. ԵՏՀ նախարար

Մայիս 12,2023 15:08

Աշխարհով մեկ տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին պատմական շրջան ենք ապրում, ուստի պետք է կողմնորոշվել, թե Եվրասիական տարածաշրջանում որտեղ է ԵԱՏՄ-ն այս նոր կառուցվածքում․ «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի կենտրոնում այսօր կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և վստահեցրեց, որ միության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա այլ պետությունների կողմից, որոնցից շատերը համաժողովին մասնակցելու են հյուրի կարգավիճակով:

Որպես խոսքի հավաստում՝ Սլեպնյովը տեղեկացրեց, որ Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները:

Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սլեպնյովը նշեց, որ համաձայնագրի նախագիծը հունիսին կներկայացվի Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստում, որից կարճ ժամանակ անց կստորագրվի:

Սլեպնյովը նկատեց, որ Իրանն իր շուկայում բարձր արգելքներ է պահպանում օտարերկրյա ապրանքների դեմ։ Դրա ֆոնին իրանցի գործընկերները ԵԱՏՄ երկրներին մուտքի աննախադեպ պայմաններ են տալիս։ Նույնիսկ ներկայիս ձևաչափով սահմանափակված համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալների գրեթե կրկնապատկմանը։ Ներկայումս այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար, իսկ համաձայնագրի դեպքում 5-7 տարում կարող է աճել մինչև 20 մլրդ դոլար։

Խոսելով այլ երկրների հետ նմանատիպ համաձայնագրերի հնարավորության մասին ԵՏՀ նախարարը նշեց, որ լուրջ աշխատանք է տարվում այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ինդոնեզիան, Հնդկաստանը, Արաբական Էմիրությունները և Եգիպտոսը: Ի դեպ, հաջորդ շաբաթ նախատեսված է ԵԱՏՄ՝ առևտրի բլոկի ղեկավարների հանդիպումը Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ, որի արդյունքում կհստակեցվի ծրագիրը և բանակցությունները կավարտեն այս տարվա վերջում: Սլեպնյովը, դատելով Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի կառավարությունների ցուցաբերած նշաններից՝ հույս հայտնեց, որ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։

Տեղեկացնենք, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալու է Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը, որի ընթացքում կայանալու է 35 նստաշրջան, ինչպես նաև ամփոփվելու են «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթի առաջմղման Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության հետ համատեղ նախագծի արդյունքները: Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ ԵՏՀ անդամ պետությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Անդրեյ Սլեպնյովը տեղեկացրեց նաև, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն այժմ մշակում են էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է ապահովել ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային խանութների ու մարկեթփլեյսների ապրանքների ազատ վաճառքը։

«Ընդհանուր մոտեցումը հասկանալի է, բայց իրականացման ուղղությամբ դեռևս շատ աշխատանք կա: Անդամ-երկրներն ավարտում են առցանց առևտրից և ծառայություններից ԱԱՀ-ի գանձման արձանագրության մշակման աշխատանքները։ Այս հարցը լուրջ քննարկումներ առաջացրեց, քանի որ պետք էր համաձայնության գալ, թե որտեղ պետք է գանձվի այդ հարկը` վաճառողի՞, թե՞ գնորդի երկրում»,– ասաց Սլեպնյովը։

Սլեպնյովի խոսքով` անհրաժեշտ է նաև թվայնացնել հաշիվ-ապրանքագրերը` թղթային փաստաթղթերի մշակման համար ժամանակի կորստից խուսափելու նպատակով։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031