«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը մայիսի 12-ին Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։
Ստորագրահավաքի պատճեններն այսօր հանձնվելու են նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին եւ ՀՀ կառավարությանը։
Ցույցի աջակիցներից Գարիկ Գեւորգյանը լրագրողներին ասաց, որ Արցախում ստեղծված նախաձեռնության հեղինակները խնդրել են աջակցել իրենց եւ իրենց ձայնը հասցնել դեսպանատներ։ Թղթային տարբերակով այս օրերին հավաքվել է ավելի քան 60 հազար ստորագրություն։ «Արդեն 150 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է, բայց, ցավոք սրտի, Հայաստանում այնպիսի տպավորություն է, թե ոչինչ չի կատարվում։ Այս անտարբերությանը, որը դրսեւորվում է Հայաստանի ու աշխարհի կողմից, պետք է վերջ տալ», ասաց նա։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագիրն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին, նաեւ Հայաստանի իշխանություններին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ