Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ռազմագերուն մեքենայից գլորելով՝ ցած են նետել հավաքված ադրբեջանցիների առջեւ, որոնք բռնություն են կիրառել». Սիրանուշ Սահակյան

Մայիս 12,2023 14:42

«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով, նաեւ ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք: Օրինակ, հատկապես ցուրտ եղանակին եւ արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց է հրապարակել, որը վերաբերվում է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակմանը: Զեկույցը պատրաստվել է Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ:

Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ, հայ գերիների նկատմամբ այս գործելաոճն իրականացվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հսկողության ներքո, նաեւ գերեվարված հայերի նկատմամբ ավելի ինտենսիվ ու անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։

2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ ադրբեջանական կողմը շարունակում է հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները՝ խոշտանգումների, նվաստացումների տարբեր տեսանկարահանումներ տարածելով: Հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաեւ քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ. «Ռազմական կամ քաղաքացիական բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով՝ ցած են նետել նրանց առջեւ, որոնք բռնություն են կիրառել»:

Իսկ ադրբեջանցի բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031