Հոդվածը չի վերաբերվում «հայկական» կոչվող պարբերական հիվանդությանը, այլ մեր՝ հայերիս մեջ արմատացած մեծամտության, ինքնասիրահարվածության, այլ՝ իր կարծիքից տարբերվող, կարծիքներ չընդունելու մասին է։
Երկար ժամանակ տատանվում էի, գրե՞լ արդյոք այս իմ դիտարկումների մասին, թե ոչ։ Չգրելու հիմնական պատճառն այսպիսի անձանցից շատերի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերություններն են եղել։ Այնուամենայնիվ որոշեցի գրել, բայց առանց անուններ տալու։
Առաջին անգամ այս երևույթին հանդիպեցի 80-ականներին: Ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում (ВСЕГЕИ): Դիսերտացիայիս թեման Հայաստանի հրաբխային ապարների պետրոֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր։ Թեմայիս առնչությամբ Լենինգրադում շփվում էի ինստիտուտի, այդ թվում՝ մեծ ճանաչում ունեցող, նաև Հայաստանում աշխատած և Հայաստանի երկրաբանությանը լավ ծանոթ գիտնականների հետ։ Բոլոր հանդիպումներս շատ արդյունավետ էին։ Որ գիտնականի հետ հանդիպում էի, նա մեծ հետաքրքրությամբ լսում էր, միասին քննարկում էինք, առաջարկություններ էր անում։ Հայաստանում աշխատած գիտնականները սիրով տրամադրում էին իրեն ապարների հավաքածուն, տարբեր պետրոֆիզիկական չափումներ կատարելու համար։ Երբ առաջին ամռանը եկա Հայաստան՝ դաշտային աշխատանքների, գնացի հանդիպումների Հայաստանի մի շարք երկրաբան-գիտնականների հետ։ Թակում եմ աշխատասենյակի դուռը․
-Այո, մտեք։
Կարդացեք նաև
Մտնում եմ և ներկայանում, ասելով նաև այցելության նպատակը, այն է` քննարկել թեման, նաև խնդրել, տրամադրել նրա ապարների հավաքածուն, պետրոֆիզիկական չափումների համար։
Երկրաբան-գիտնականն ընդունում էր հատուկ, մեծամիտ կեցվածք։ Ներկայացնեմ համարյա բոլորի նույնանման պատասխանները․
-Ձեր աշխատանքի իմաստը չեմ տեսնում։ Այդ ամենն արդեն իմ կողմից արված է։
-Հա, բայց, դուք երկրաբան եք, ոչ գեոֆիզիկոս, այս ուսումնասիրությունն այլ նպատակ է հետապնդում։ Ամեն դեպքում, կարելի՞ է օգտվել ձեր ապարների հավաքածուից, տեղում մագնիսական չափումների համար։
-Ոչ․․․
Հետագայում իմացա, որ նման մեծամտությունն ու վերաբերմունքը գործընկերների նկատմամբ բնորոշ է նաև այլ բնագավառներում։ Այժմ համոզված կարող եմ պնդել, որ Հայաստանում, նման մեծամտությունն ու ինքնահավանությունը բնորոշ է եղել և է, ոչ միայն գիտության, արվեստի բնագավառներին, այլ ցավոք՝ քաղաքականությանը։
Այս մտածողությունն առավել բացահայտվեց անկախության շրջանում։
Կարդում, լսում ես բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների, իրենց քաղաքական վերլուծաբան համարողների հարցազրույցները և ․․․ բոլորն ամեն ինչ գիտեն։
Իհարկե, նրանց մեծամասնությունը, ներկայանալով, որպես քաղաքական, հասարակական գործիչ, նաև մարդաբան, սոցիոլոգ, քաղաքագետ, այսպես ասած՝ մեդիափորձագետ, իրականում քարոզիչներ են, պատվերի շրջանակներում։ Երբ նրանց տեսնում եմ տարբեր լրատվամիջոցներում, արդեն պարզ է, թե ամեն հարցին ինչ պատասխան են տալու։ Բերեմ մեկ օրինակ․ երբ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահի պահանջով փակվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, վերոնշյալ քարոզիչ-վերլուծաբաններից երկուսն, ի դեպ՝ նույն անունով (մեկի անունն աղավաղված), դեմքի լուրջ արտահայտությամբ, ինքնավստահ հայտարարեցին, որ ԵԱՀԿ գրասենյակի փակման հեղինակն իրականում Ռուսաստանն է։ Այս քարոզիչներին բնավ չի հետաքրքրում ճշմարտությունը, փաստերը, ավելին՝ Հայաստանի ճակատագիրը։ Նրանք ելնելով զուտ իրենց անձնական շահերից, պատրաստ են ամեն ինչի, ընդհուպ՝ Հայաստանի կործանման։
Հաջորդ, պայմանականորեն՝ ավելի « ընդունելի» տեսակը, մշտապես վստահ է իր ճշմարտացիության մեջ։ Այս խմբի քաղաքական, հասարակական գործիչներն ինքնասիրահարված են, նրանք իրենց կյանքում երբևէ սխալված չեն եղել և որպես կանոն, նրանք իրենց խոսքում հղումներ են անում իրենք իրենց․ «Այդ մասին ես ժամանակին ասել եմ, կարդացեք էլի»։ Միայն նրանց ինքնավստահ, դիմացինին նայող արհամարհական հայացքն ամեն ինչ ասում է նրանց ամենագիտության և անսխալականության մասին։ Նրանք իրենց լավ են զգում, երբ նրանց անվանում են «Հայաստանի հիմնադիր», «Անկախության առաջամարտիկ», ով մեծահոգաբար պատրաստ է իր տունը վաճառել պետությանը, որպեսզի իր անունով տուն-թանգարան բացվի, «Համաշխարհային մակարդակի խոշոր տնտեսագետ» և այլն։ Իսկ եթե նման գործիչն ինչ որ ժամանակ պետական պաշտոն է ունեցել, ապա նա իր այդ նախկին պաշտոնի կաղապարից դուրս չի գալիս և հաճախ հղումներ է անում իր պաշտոնավարման ժամանակ կայացրած իմաստուն որոշումներին։ Երբ որևէ զրույցի ժամանակ, նրանց հիշեցնում ես, թեկուզ մեկ տարի առաջ, նույն հարցի մասին, նրա բոլորովին հակառակ կարծիքը, նա նույն ինքնավստահ տոնով պատասխանում է․ «Ոչ, ես այդպես չեմ ասել»։ Նրանց համար անընդունելի է իրենց իմաստուն մտքերի հետ որևէ անհամաձայնություն, քննադատություն։ Նրանցից ոմանք ունեն իրենց անվերապահ նվիրյալ վկաներ, ովքեր անհամբեր սպասում են իրենց կուռքի որևէ խոսքին, որ ամեն առիթով կրկնեն, որպես աստվածային ասույթ և ամենավիրավորական խոսքերով հայհոյեն նրա հետ համաձայն չեղող անձանց։
Շատ են նաև հասարակական գործիչներ-վերլուծաբաններ, ովքեր, իրենց կարծիքով քաջ ծանոթ են հայոց պատմությանը, կարծես չարախնդում են Հայաստանի ամեն անհաջողության, ձախողման, կորուստների վրա։ Ահա նրանց համարյա ամենօրյա իմաստուն խոսքերը․ «Ա՛յ, որ ժամանակին ինձ լսեիք․․․Ժամանակին այդ մասին գրել եմ, բայց չլսեցիք․․․Ես շատ լավ գիտեի, որ եթե ինձ չլսեք, այսպես էր լինելու․․․Ձեզ հասնում է, քանի որ ինձ չլսեցիք․․․»։
Վերոնշյալ բոլոր գործիչները երբեք չեն ընդունի, որ երբևէ իրենք սխալվել են, նրանք երբեք չեն ասում․ «իմ կարծիքով․․․ ինձ թվում է․․․ կասկածում եմ․․․ գուցե․․․ այս հարցում ես սխալվել եմ․․»։ Ինչ է նշանակում, իմ կարծիքով, մի՞թե այլ կարծիք կարող է գոյություն ունենալ, կամ ինչպես կարող է պատահել, որ իրենք երբևէ սխալված լինեն։
Հայկական մտածողությանը խորթ են Սոկրատեսի «չգիտեմ», Դեկարտի «կասկածում եմ» փիլիսոփայական մտքերը։
Կարծում եմ, հենց այս մտածողությունն է մեր անհաջողությունների հիմնական պատճառը, որը խոչընդոտում է կոլեգիալ մտածողությանը, իրական, խորքային բանավեճերին և վերջապես տարբեր ուժերի միավորմանը։ Ցանկացած ամենագետ գործիչ, իրեն համարելով, եթե ոչ տիեզերքի, ապա համահայաստանյան կենտրոն, համոզված է, որ միավորումը պետք է լինի միայն իր անձի շուրջ և չարախնդում է այլ քաղաքական ուժերի անհաջողություններով։
Եվ իմ կարծիքով, այսօրվա դավադիր իշխանության, հետևաբար նաև մեր թշնամիների հաջողության գրավականը և հենարանը ոչ թե ոստիկանությունն է, այլ նկարագրված «հայկական հիվանդությունը»։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ