Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են

Մայիս 12,2023 12:38

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։

Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։

Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։

Հարցին, թե քանի աշխատող է կրճատվելու, Հարությունյանը չպատասխանեց, քանի որ այս պահին տնտեսվարողն էլ որոշ հստակեցումներ է կատարում։ Փոխնախարարն ասաց՝ սովորաբար աշխատակիցների քանակն ավելի շատ է լինում բաց հանքի դեպքում։ Այս պահին, ըստ փոխնախարարի, տնտեսվարողը աշխատակիցների շրջանում որոշակի ընտրություն է կատարում՝ ըստ մասնագիտություններ, տարիքի եւ այլն․ «Կրճատման ենթակա, բայց կարեւոր գիտելիքներ ունեցողների համար տնտեսվարողը բանակցում է այլ տնտեսվարողների հետ, որպեսզի այդ աշխատակիցների տեղափոխում լինի»։

Սոթքում փակ հանքի շահագործման պատրաստական ու բուն աշխատանքային գործընթացը սկսվել է աշնանը, հիմա վերջնական նախապատրաստական աշխատանքներն են սկսվել։ Ըստ Հարությունյանի՝ շահագործման թույլտվության ծավալով ընկերությունը դեռ չի աշխատում, քանի որ համաձայն իրենց ներկայացրած նախագծի, դրա համար ժամանակ է անհրաժեշտ․ «Մեկ -երկու ամսվա ընթացքում դուրս կգան նախագծով ծավալներին»։ Փոխնախարարն ասաց, որ տնտեսավարողը վստահեցրել է՝ հրաձգությունը չի խանգարում փակ հանքի շահագործմանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031