Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ՝ հայկական կողմը խելքի կգա եւ կհասկանա, որ Հայաստանին օգտագործում են. Ձյունիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Մայիս 12,2023 12:04

«Հրապարակի» զրուցակիցը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է:

– Երեկ Ադրբեջանի կողմից հերթական սադրանքը տեղի ունեցավ Հայաստանի սահմանին: Գեղարքունիքի ուղղությամբ թշնամին կրկին ռազմական գործողություններ է ձեռնարկել, ինչի արդյունքում ունենք վիրավորներ: Առհասարակ, ամեն անգամ, երբ միջազգային հարթակներում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ ծավալում, թշնամին ռազմական էսկալացիա է սկսում Հայաստանի դեմ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:

– Ռազմական գործողություններն ու սադրանքները պատահական չեն, հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին երեք շաբաթների ընթացքում: Առհասարակ, վերջին երկու տարին եւս այդ տրամաբանության մեջ է եղել: Նախկինում էլ մշտապես ադրբեջանական կողմը բանակցություններից առաջ դիմել է նման սադրանքների: Առաջներում էլ այդպիսի միտումներ մշտապես եղել են: Իհարկե` նախկինում սադրանքներ իրականացվում էին Արցախի ուղղությամբ, հիմա` Հայաստանում, որովհետեւ քննարկման առարկան այլեւս Հայաստանն է: Ադրբեջանի գործողություններն ունեն մի քանի նպատակ։ Նախ, կուզեմ շեշտել արեւմտյան գործողությունների մասին, որը պատահական չէ: Արեւմուտքը շտապում է ստանալ մի փաստաթուղթ, որով, այսպես ասած, հնարավոր կլինի ռուսական կողմի ներկայությունն այստեղ ավելորդ դարձնել: Ինչ անուն էլ որ դրան Արեւմուտքը տա, փաստացի այդ տարբերակով Արցախն անցնելու է Ադրբեջանի տարածք, եւ Հայաստանի իշխանություններն այդտեղ բոլորովին չեն ներգրավվելու: Դրա մասին են վկայում նաեւ այսօր իշխանության ղեկին նստածների ու հատկապես վարչապետի հայտարարությունները, որոնք Ստեփանակերտ-Բաքու տրամաբանության մեջ են: Նպատակներից մեկն էլ որոշակի ռազմական լարվածություն ստեղծելն է, որպեսզի կրկին ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին մեղադրեն ու հրաժարվեն նրանցից՝ իրականացնելով այն նպատակը, որի համար փաստացի այս իշխանությունները կանգնել են իշխանության գլխին: Բոլորովին պատահական չէ, որ լարվածությունը Սոթքի հատվածում է: Պատերազմից անմիջապես հետո շատ արագությամբ տարածքներ էին հանձնվում, որոնց մասին ոչ մի խոսք չկա նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Սոթքի հատվածից հենց այն ժամանակ մի հատված հանձնվեց, սակայն հանրային պարսավանքից հետո միայն իրավիճակը որոշակի փոխվեց: Այժմ կիսատ թողնված գործը շարունակելու փորձ է արվում: Պատահական չէ, որ Սոթքի ուղղությամբ է ճնշում գործադրվում: Այսպիսով հետագայում կարող է արդարացվել նոր կնքվելիք խաղաղության պայմանագիրը: Կա մեծ ու բնական դիմադրություն այդ ուղղությամբ:

– Բրյուսելյան եռակողմ հանդիպումից ի՞նչ սպասենք:

– Ես առանձնապես ոչ մի ակնկալիք չունեմ: Հույս ունեմ, որ հայկական կողմը խելքի կգա եւ կհասկանա, որ Հայաստանին օգտագործում են լաթի պես եւ հետո դեն են նետելու: Առհասարակ, մեծ խնդիր է` Եվրոպան հանձն առածի տակից հետագայում կարողանալո՞ւ է դուրս գալ, թե՞ ոչ: Ցանկացած երաշխիք կրում է ձեւական բնույթ: Անհրաժեշտության դեպքում դրանք ոչնչացվելու են:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031