Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա իրավիճակի մասին պետք է քննարկում ծավալվի». հորդոր Շվեյցարիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը. «Ազգ»

Մայիս 12,2023 11:34

Մայիսի 10-ին Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (Christian Solidarity International, CSI) նամակով դիմել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասսիսին (Ignazio Cassis), որով կոչ է անում Շվեյցարիային, որ վերջինս «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա դարձնի Լեռնային Ղարաբաղի հայերի համար Ադրբեջանի ստեղծած գոյաբանական սպառնալիքը, Հայաստանի հետ 150 օր շարունակ փակ է պահում աշխարհի հետ միակ ճանապարհը՝ 120 հազար հայերի շրջափակելով: Դիտորդների գնահատմամբ՝ աճում են նշանները, եւ Հարավային Կովկասում էթնիկ-կրոնական զտումների ականատես ենք դառնում: Բազմաթիվ շվեյցարացիներ անհանգստացած են, նրանց ցանկությունն է, որ ամեն բան ձեռնարկվի՝ դա կանխելու համար», ձեւակերպված է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության (ՔՀՄ) նամակում:

«Հիմա իրավիճակի մասին պետք է քննարկում ծավալվի», հորդորում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը եւ հստակ շարադրում՝ բանաձեւերը համահունչ են ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքներին, որ երկու կողմերն էլ ստորագրել են:

Մայիսի 9-ին առցանց «Ցայթը» հրապարակել էր Բրյուսելում առաջիկա կիրակի ԵՄ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարված հանդիպման մասին, ծանուցելով նաեւ, թե հունիսի 1-ին էլ երկու հակամարտող կողմերի հետ նույն առաքելությանը՝ այն է՝ «Հարավային Կովկասում կայունության հաստատման, երկու պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացմանը» նպաստելու համար կհանդիպեն նաեւ Մակրոնն ու Շոլցը: Ինչպե՞ս են «նորմալանալու» հարաբերությունները կամ ի՞նչ է նշանակում «նորմալ», իհարկե չի բացատրված, եւ բառն այդ ոչ այնքան վերացական, որքան վիրավորական է հնչում, երբ հիշում ես, որ անհատի, մեկ մարդու ցավին, ողբերգությանը խոշորացույցով հետեւող, սրտացավություն, գթասրտություն քարոզող ԵՄ պաշտոնյան «թելադրում» է քաղաքական «կոռեկտ» տեքստը, իսկ լրատվամիջոցն այդ կոռեկտության սահմանը չի խախտում, երբ խոսքը ցեղասպանությունից մազապուրծ, վերապրող ժողովրդի մասին է: Նույնիսկ քովիդի համաճարակը «նորմալ» բառին նոր շապիկ հագցրեց՝ «նոր նորմալ»:

Եւ հիմա Ադրբեջանի նախագահի հայատյացության շարունակական ընդլայնվող տարածքը «նորմալի» սահմանները որքան է հեռացնում բանականի մեր եզրագծից: Սրա մասին, անընկալելի այդ բառի մասին մենք ակնարկո՞ւմ ենք: «Լարվածության թուլացման» ձեւակերպումը, որ հրամցնում է նույն լրատվությունը, առավել իրատեսական է ընդունելի, եթե հստակ նշվի, թե ո՛վ է այդ լարվածությունը պրկում:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031