Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական դատարանի դատավճիռն առ այսօր ուժի մեջ է: Սա՛ է իրականությունը, եւ դա է, որ պետք է դեմ տանք ամեն տեսակ չավուշօղլուներին. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»

Մայիս 12,2023 11:06

ՌԱԿ հանրապետական վարչության նախաձեռնությամբ եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի (հիմնադիր՝ Բարսեղ Բեգլարյան) միջոցներով 1915-ին Երեւանում վերահրատարակվեց օսմանագետ պատմաբան Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» աշխատությունը պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի առաջաբանով: Գրքում, որն առաջին անգամ 1988-ին էր լույս տեսել Երեւանում 80 հազար տպաքանակով, իսկ 1990-ին եւ 1992-ին՝ հաջորդաբար անգլերեն եւ արաբերեն՝ Լոս Անջելեսում ու Հալեպում, ամփոփված էին 1919-1920 թթ.ին Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի հրովարտակով ստեղծված Ռազմական արտակարգ ատյանի (տրիբունալ) դատական արձանագրությունները, որոնք հրատարակվել են Թուրքիայի հնագույն՝ «Թաքվիմ-ի Վեքայի» պետական պաշտոնաթերթում:

Սուլթանական հրովարտակով ստեղծված դատարանի խնդիրն է եղել զույգ մեղադրանքների քննությունը: Առաջին՝ պատասխանատվության ենթարկել շուրջ 10 տարի իշխած երիտթուրքերի Միություն եւ առաջադիմություն («Իթթհիհադ վե Թերրաքը) կուսակցության պարագլուխներին՝ առանց Մեծ մեջլիսի (խորհրդարան) ու կառավարության հետ համաձայնեցնելու Թուրքիան 1-ին համաշխարհային աղետալի պատերազմի մեջ ներքաշելու, եւ երկրորդ՝ օսմանահպատակ հայ եւ այլ ազգի քաղաքացիներին կոտորածի եւ բռնագաղթի («Թաքթիլ վե Թեհջիր») ենթարկելու համար:

Ծանրագույն երկու մեղադրանք՝ որոնք քննվեցին «Նորին մեծության փատիշահի 1335 թ. (1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի» հաջորդական նիստերում, բազմաթիվ վկաների հարցաքննությամբ, արձանագրությունների, գրավոր թե բանավոր գաղտնի հրամանների եւ այլ նյութերի ստուգմամբ: Եվ ի վերջո դատարանը հաստատեց մեղադրանքները եւ թվով 83 հոգու նկատմամբ, մեծամասամբ՝ ի բացակայության, արձակեց դատավճիռ՝ տարբեր չափի պատիժներով, մահավճռից մինչեւ կալանք: Մահվան դատապարտվեցին ավելի քան 40 հոգի, որոնց շարքում՝ Թալաաթը, Էնվերը, Ջեմալը, Նազըմը, Պեհաետին Շաքիրը եւ ուրիշներ, որոնք արդեն փախուստ էին տվել երկրից՝ դեպի Գերմանիա, Իտալիա, Վրաստան եւ Միջին Ասիա, իսկ մնացյալները Կ. Պոլսի անգլիական գրավման իշխանության կողմից աքսորվեցին Մալթա կղզի, որտեղից նրանք,- արձանագրենք նաեւ այս մեկը,- փախուստ տվեցին տարբեր ուղղություններով:

Ահա ա՛յդ՝ դատավճիռների չկատարման պայմաններում է, որ ասպարեզ իջավ, ՀՅ Դաշնակցության բյուրոյի որոշմամբ եւ Շահան Նաթալիի գլխավորությամբ, «Նեմեսիս» շարժումը ոչ միայն արդար վրեժխնդրության, այլեւ արդարադատությունը ի գործ դնելու առաջադրանքով:

Թուրքական դատարանի դատավճիռը առ այսօր ուժի մեջ է: Սա՛ է իրականությունը, եւ մենք այդ իրականությունն է, որ պետք է դեմ տանք ամեն տեսակ չավուշօղլուներին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031