Լրահոս
Օրվա լրահոսը

Գնալ Երևանի ընտրություններին հանրության թեկնածուով. Վահե Հովհաննիսյան

Մայիս 12,2023 10:49

Երևանի վերջին ընտրությունները

Երևանի գալիք ընտրությունները մթնոլորտի առումով ցավալիորեն նման են Արցախի վերջին (2020 թ.) նախագահական ընտրություններին։ Այնտեղ էլ կար իշխանական ֆավորիտ, կային ընդդիմադիր թեկնածուներ, կային ազդեցիկ ուժեր, որոնք սատարում էին այս կամ այն թեկնածուին, կային ոմանք, որ հրապարակայնորեն աջակցում էին մեկին, բայց իրականում՝ մյուսին, և այլ բաներ։ Ամեն ինչ կար, բացի՝ իրականության ճիշտ ընկալումից և, հետևաբար, ճիշտ բովանդակությունից։ 2020 թ. ընտրություններից մի քանի ամիս առաջ շատերիս մոտ կար ծանր զգացողություն, որ սա ընտրություն է պատերազմի նախօրեին։

Ամեն դեպքում դրանք, կարծես թե, տեսանելի ապագայում Արցախի վերջին ընտրություններն էին։

Հիմա Երևանում նույն ճնշող տպավորությունն է։ Կա իշխանության թեկնածու՝ սոցիալական կաշառքի և վարչական ռեսուրսի լուրջ պաշարով։ Ու կա 30-ամյա մի մաշված գաղափար՝ առաջադրել ընդդիմության միասնական թեկնածու։

Այն, որ այդ միավորումն այս պահին իրատեսական չէ՝ մի կողմ։ Գլխավոր հարցն ուրիշ է. իսկ ո՞վ է ասել, որ պետք է լինի «ընդդիմության» թեկնածու։ Ո՞ր ընդդիմության, որի վարկանիշային առաջին հինգ ուժերի ընդհանուր հանրագումարը 10 տոկո՞ս է։ Ո՞վ է ասել, որ դա հաղթող կամ գոնե մրցունակ տարբերակ է։

Մենք սիրում ենք հրապարակված սոցցհարցումներից միայն Նիկոլի չեղած վարկանիշն առանձնացնել ու հետևություններ անել՝ «բարեկրթորեն» լռելով մյուսների մասին, ու մտածել, թե ա´յ, միասնական թեկնածուն կհաղթի։

Ծանր տպավորություն կա, որ իսկապես չի բացառվում, որ սրանք լինեն Երևանի վերջին ընտրությունները, գոնե՝ այս սահմաններով Հայաստանի մայրաքաղաքի վերջին ընտրությունները։

Այս սցենարով չգնալու համար մեզ իրոք պետք է միասնական թեկնածու, սակայն դա պետք է լինի ոչ թե ընդդիմության, այլ՝ հանրության թեկնածուն։ Իսկ քաղաքական ու հանրային գործիչների ճիշտ խնդիրը հանրության մեջ խմորում առաջացնելն է՝ հանրային, ընկալվող, կոնսոլիդացիայի ունակ թեկնածուների փնտրտուքի և պահանջի։ Ինքս նման 2-3 թեկնածուի անուն ունեմ։ Ի դեպ, եթե սոցհարցումները ցույց են տալիս, որ վստահելիության ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտը եկեղեցին է, ուրեմն՝ ճիշտ թեկնածուի առաջ քաշման և ընդհանրապես հասարակական առողջ պրոցեսների գեներացման հարցում եկեղեցին պետք է ունենա զգալի դերակատարում։

Ինչպես ժամանակին իշխանությունը վերցրեց «ժողովրդի» թեկնածուն, հիմա պետք է Երևանի ընտրությանը գնալ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։

Միայն բնական հանրային թեկնածուն է ունակ՝ այս ընտրություններին տալ բովանդակություն և դրանով փոխել աղետի գնացող սցենարը։ Որ դրանք չլինեն Երևանի վերջին ընտրությունները։ Բազմաթիվ մտահոգ սենյակներում քննարկվում է ինչ անելը, այս մղձավանջից ինչպես դուրս գալը։ Կոնկրետ քայլ եմ առաջարկում. գնալ Երևանի ընտրություններին ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։ Քաղաքական որոշումը սա է. մնացածը տեխնոլոգիա է և մենեջմենթ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031