ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը հույս է հայտնել, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կքննարկեն սահմանի երկայնքով զորքերը հետ քաշելու հարցը:
«Մենք կարծում ենք, որ այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի տևական և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին, Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպմանը համաձայնության գալ՝ հեռացնելու իրենց ուժերը սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է քարտուղար Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ, երբ մենք հյուրընկալել էինք նրանց այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»:
Պատելը նշել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններն իրենք համարում են կարևոր, դրական քայլ: «Մենք զգացինք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ կարևոր հարցերի քննարկումներում, տեսնել մյուս կողմի տեսակետը։ Եվ մենք հավատում ենք, որ կա առաջընթացի երկարատև ճանապարհ: Մենք կարծում ենք, որ սա խաղաղ լուծում ունի։ Ահա թե ինչու մենք՝ սկսած քարտուղարից, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Բայց ես չեմ պատրաստվում առաջ անցնել այս բանակցություններից»,- ասել է նա:
Նկատառմանը, թե Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան սկեպտիկորեն է վերաբերում Վաշինգտոնի այս լավատեսությանը, Պատելն ասել է, թե «երկար ժամանակ չի ծախսում՝ մտածելու, թե ինչ է ասել իր ռուս գործընկերն իր ամբիոնից»:
Կարդացեք նաև
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի «խորապես ներգրավված մնալ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման «շատ կարևոր հարցում»:
«Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ակնհայտորեն ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից սկսվող այս բանակցությունների շարունակության համար, և մենք թույլ կտանք, որ այդ գործընթացը ընթանա»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ