Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական պայքարի ժամանակը չէ

Մայիս 12,2023 10:00

13-րդ դարի մտածող Թովմա Ակվինացին պնդում էր, որ ամենեւին կարեւոր չէ՝ արտահայտած միտքը պատկանում է հեթանոսի՞ն, թե՞ քրիստոնյային, այդ միտքը ձեր սեփակա՞նն է, թե՞ վերցրած է ինչ-որ գրքից: Միակ կարեւոր բանն այն է՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը, թե՞ ոչ: Եթե համապատասխանում է, ուրեմն դա Աստծուց է եւ ծառայում է ընդհանուր բարիքին:

Հայ իրականության մեջ որեւէ խնդիր լրջորեն չի քննարկվում նախեւառաջ այն պատճառով, որ ցանկացած պնդում վիճարկվում է՝ այդ միտքն արտաբերող անձի իրական կամ ենթադրյալ թերությունները (սխալները, մեղքերը) վկայակոչելով: Այդ ոճը հատուկ է առաջին հերթին ներկա իշխանությանը: Օրինակ, երբ որեւէ ընդդիմադիր պատգամավոր մտահոգություն է հայտնում սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պատասխանը լինում է մոտավորապես հետեւյալը. «Դուք սխալ եք, որովհետեւ պատգամավոր եք դարձել Քոչարյանի թալանած փողերով»: Կամ՝ «Դուք սխալ եք, որովհետեւ 2007 թվականին ձեր առաջնորդ Քոչարյանը կողմ էր «մադրիդյան սկզբունքներին»:

Բայց նման տրամաբանությունը եւ գործելակերպը բնորոշ է ոչ միայն իշխանություններին, այլեւ բոլոր քաղաքականացված շրջանակներին: Վերջին օրինակը Դաշնակցություն – Զարեհ Սինանյան հերթական բախումն է: Սփյուռքի հարցերով հանձնակատարը (ով էլ լինի) պիտի հնարավորություն ունենա համահայկական հարցերը քննարկելու հայ համայնքների հետ: Այդ քննարկումները կարող են շատ սուր լինել, կողմերը կարող են հակադիր տեսակետներ ունենալ, բայց բոլոր դեպքերում դրանք պետք է կայանան:

Նույնը՝ խորհրդարանում, նույնը՝ ակադեմիական շրջանակներում կամ լրատվամիջոցներում: Այն պարագայում, երբ թշնամին ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմ սկսել, մանրանալ ներքաղաքական հակասությունների մեջ, կարծում եմ, անթույլատրելի է: Ներքին կյանքում առաջնորդվել «կա՛մ մենք, կա՛մ նրանք», «կա՛մ սեւ, կա՛մ սպիտակ», «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» կարգախոսներով, նշանակում է գնալ նոր պարտությունների եւ նոր կորուստների:

Ընդհանրապես, վստահ եմ, տեսանելի ապագայում հարցերը պետք է լուծվեն «վերկուսակցական» մակարդակով, քաղաքական հավակնություններ չունեցող մարդկանց եւ կազմակերպությունների կողմից: Ներքաղաքական սուր պայքարն այս իրավիճակում, մեղմ ասած, տեղին չէ: Հարգանքս բոլոր կուսակցություններին, բայց այսօր դրանք, կարծում եմ, պետք է որոշակի «հետքայլ» կատարեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ձեր նշած մտածողը, ընդամենը մտածող է և հայտնել է ընդամենը մի միտք,որի համար ես շնորհակալ եմ։ Սակայն,խորը հարգելով բոլոր մտածողներին, ես չեմ կարող նրանց արտահայտած յուրաքանչյուր միտք, վերցնել որպես աքսիոմա և դրա հիման վրա կառուցել պետություն։
    Ինձ դասավանդող մեկ ուրիշ մտածող,անվանի մանկավարժ և պրոֆեսոր, ամբողջովին հակառակ կարծիքի էր։ Երբ մեր ինստիտուտի մասին,մի շատ պնակալեզ ուսխորհրդի նախագահ, հոդված էր գրել, նա մեզ ասած,որ ընդունում է հոդվածը որպես ճշմարտություն,բայց ամեն մարդ չէ,որ իրավունք ունի խոսել բացահայտ ճշմարտությունների մասին։
    Բացահայտ ճշմարտությունները բոլորիս հայտնի են՝ մենք չունենք աշխարհի ամենալավ բանակը, ամենալավ սպառազինությունը, շատ ու շատ բացթողումներ կան բոլոր պետական ինստիտուտներում,դա մենք բոլորս տեսնում ենք։
    Եթե այդ բոլոր բացթողումները նշում է մի մարդ,որը ժամանակին հանդուրժել է շատ ավելի մեծ բացթողումներ և հենց ինքն է հանդիսացել այդ բացթողումների պատճառը,նրա դիտողությունները նյարդայնացնում են, իսկ եթե նույն բանն ասում է մեկը՝ ով իր ամբողջ կյանքն ու ունեցվածքը ծառայեցրել է պետությանը, ստեղծել է հայրենիքի համար նյութական և բարոյական անվիճելի արժեքներ, բնականաբար նրա խոսքը շատ ավելի մեծ արժեք ունի։ Այդպիսի մարդու քննադատությունը իր մեջ պարունակում է խնդրի լուծման օգնություն,սրտացավություն,ինքնազոհության գնալու պատրաստակամություն,իսկ առաջին դեպքում՝ միայն սեփական շահի հետապնդում։
    Այնպես որ,ձեր մեծ մտածողի հնչեցրած միտքը վիճելի է,ինչպես նաև իմ դասախոսի։ Ամեն պարագա իր դեղամիջոցն ունի։

  2. Հ.Շ. says:

    Համաձայն:

    . 22 Մարտ 2023՝
    «ՀՅԴ-Փաշինյան Դաշինք»
    https://haytougchamlian.home.blog/2023/03/22/հյդ-փաշինյան-դաշինք/

    • Հ.Շ. says:

      Յ.Գ.  Սփիւռքի կացութիւնը, սակայն, ուրիշ խնդիր է:
       
      Համայնքների այդ թէական տարրերը որոնց հետ հանդիպում է Սինանյանը, գործօն կամ գործնական կապ չունին՝ համայնքին հետ: Այսինքն, հայ ծագումով անձեր են, կամ հայաստանցիներ, որոնք երբեւիցէ որեւէ նշանակալից կերպով մասնակից չեն եղած համայնքների կազմակերպչական-միութենական կեանքին, ձեռնարկներին, գործունէութեան: Եւ, արուեստական ձեւականութիւններէ անդին, պարզապէս անհնար է որ անոնք կարենան ստեղծեն նոր կազմակերպչական կառոյցներ, նոյնիսկ դեսպանատուների աջակցութեամբ: Եղած, աւանդական Միութիւնները արդէն, հազիւ կարողանում ենք ոտքի պահել, ողջ պահել…
       
      Իսկ միւս տեսակի հայերը, լինեն անոնք դաշնակցական կամ այլ շրջանակից, սարսափելի կերպով վիրաւորուած, խռոված, «նեղացած» են Հայաստանէն:

      Առաւել, եթէ աւանդական Սփիւռքը համագործակցի այս վարչակարգին հետ, դա կը նշանակէ որ ինք իր ձեռքով, այդ Սփիւռքը պիտի թաղէ՝ Հայ Դատը. որ իր գոյութեան պատճառն ու երաշխիքն է, իր էութեան բացառեալ հիմքն է:
       
      Ներքաղաքական պատերազմի պէտք է վերջ դնել՝ Հայաստանի մէջ: Յետոյ կը նայինք թէ ինչ կը լինի, Սփիւռքի խնդիրը…
       
       

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031