Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ աղբամանների կողքին հայտնվում է շինաղբ

Մայիս 12,2023 14:00

Քաղաքակիրթ աշխարհը բնակելիների մուտքերի դիմաց տարին բոլոր ծաղկամաններն է շատացնում: Մեզ մոտ հակառակն է: Բնակելիների մուտքերի մոտ աղբաններ են, որոնք երբեք չեն ծածկվում, փակվում՝ լինի ամառ, գարուն, թե ձմեռ:

Ավելորդ է խոսել քաղաքի օդի մասին: Տարածք-տարածք աղբի «բույրն» է, որը հատկապես քամու ժամանակ տարածվում է թաղամասից-թաղամաս, հյուսիս-հարավ…

Երեւանի Սունդուկյան -3 հասցեի բնակիչները դատապարտված են իրենց մուտք տանող աղբանները տեսնել ամեն օր՝ բերնեբերան լցված:

Սակայն աղբին զուգահեռ, ամեն օր աղբամանների կողքին հայտնվում է շինաղբ, բզկտված կահույք, անխնամ, հնամաշ կենցաղային իրերով պարկեր:

Մինչ աղբը կտարվի, մարդիկ հասցնում են նոր իրեր շարել, ինչը աղբի վարձ տվող նշյալ շենքի, մոտակա շենքերի բնակիչներին զայրացնում է:

Երեկ մեզ դիմած բնակիչները խնդրեցին, որպեսզի թաղապետարանը մի գրություն փակցնի, որ ցանկացած աղբ աղբարկղից դուրս դնելու դեպքում կենթարկվեն տուգանքի, իսկ տեղանքն էլ կտեսանկարահանվի, դրանով իսկ մարդիկ կզգուշանան պատասխանատվության ենթարկվելուց:

 

Ի դեպ, դեռ անցյալ տարի, մայիսի 24-ին, ավագանու նիստում Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ չնախատեսված վայրում աղբի համար տուգանքը կավելանա տասն անգամ, այսինքն՝ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքով, առաջարկվել էր հինգ հազար տուգանքը դարձնել հիսուն հազար դրամ («Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար 50 հազար դրամ տուգանք կսահմանվի. նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը»):

Հիշեցնեմ, որ երթեւեկելի մասում, աղտոտման համար սահմանված է երեսուն հազար դրամ, վերահսկողությունն էլ դրված է պարեկային ծառայության վրա:

2018թ. փոփոխություններով, նախատեսված էր տուգանք անգամ անվադող թափելու, մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելու, կենսաբանական նյութեր, կենդանիներ… համար: Վարչական իրավախախտումների մասին օրենքի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով.

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031