«Ակնհայտ է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր խախտված իրավունքը եւ այս պարագայում ամբաստանյալին (բողոքարկել իր գործով ցանկացած որոշում, որը ուղիղ կապված է իր արդար դատաքննության իրավունքների իրացման հետ, այսինքն՝ խախտված իրավունքների մասով) այդ իրավունքից զրկելը Կոնվենցիայի իմաստով կոպտագույնս խախտում է վերջինիս ե՛ւ Կոնվենցիոն իրավունքները, ե՛ւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքները: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ, այդ թվում՝ հավասար միջոցներ, որոնք նրան թույլ կտան պաշտպանել իրենց իրավունքները»,-ասում է փաստաբան Աննա Ծառուկյանը, ով իրականացնում է արդարադատության նախարարության «Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Վլադիմիր Դավթյանի եւ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Աբգարյանի պաշտպանությունը:
Պաշտպանը խնդրել է վերաքննիչ դատարանից մասնակի բեկանել 2023թ. ապրիլի 10-ի քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ որոշում կայացնել թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու հիմքով ճանաչել է մարզին ոչ ընդդատյա, հիմք ընդունելով, որ հանցագործության վայրը Երեւանն է եղել, միեւնույն ժամանակ ճանաչել է Հակակոռուպցիոն դատարանին, որպես այս գործով ընդդատյա դատարան:
«Ստորադաս դատարանի որոշումը վերաբերում է այն հանգամանքին, որ առկա է եղել ի սկզբանե դատավարական տարածքային ընդդատյատության խնդիր, այսինքն, մինչ մարզի 10.04.2023թ.-ի որոշումը կայացնելը, փաստացի բոլոր որոշումները, որոնք սահմանափակել են մեղադրյալի իրավունքները եւ ազատությունները, կայացվել են ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից: Ես միջնորդություններ եմ պատրաստում ներկայացնելու նաեւ Հակակոռուպցիոն դատարան: Գտնում եմ, որ Հակակոռուպցիոն դատարանը չէր էլ կարող լինել ընդդատյա: Բացարկ եմ հայտնելու այդ դատարանին, ասելով՝ ոչ միայն ընդդատյա չես, այլ բարձրացնում եմ հարց, որ հակակոռուպցիոն դատարանները համարվում են օրենքից դուրս ստեղծված, կոնվենցիայով չթույլատրված, «արտակարգ դատարան»,-«Առավոտին» երեկ ասաց Ա. Ծառուկյանը: Նկատենք, որ Աբգարյանենց գործից նախկինում անջատվել էր «հատուկ սուբյեկտների» գործը, որն այս որոշմամբ վերամակագրվել է Երեւանի դատարանին, իսկ Աբգարյանենցը՝ «խտրականորեն»՝ Հակակոռուպցիոն դատարանին:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի բողոքի, այս պահի դրությամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից թիվ ՀԿԴ/0052/01/23 քրեական գործը ընդունվել է վարույթ եւ դատավարական կողմերին ուղարկվել է հուշաթերթիկ 1998թ.-ի ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համաձայն, քանի որ ներկայիս գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:
Աննա Ծառուկյանը տեղեկացրեց, որ իր բողոքում նշել է. «Որեւէ կերպ հասկանալի չէ ստորադաս դատարանի այսպիսի որոշումը, որը խախտում է փաստացի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքները: Սույն վարույթը փաստացի ենթակա է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, քանի որ ենթադրյալ վերջին հանցագործությունը կատարվել է Երեւանում, սակայն ոչ՝ Հակակոռուպցիոն դատարանում»:
Արժե հավանաբար ընթերցողին հիշեցնել, թե քանի դատավոր է այս գործով փոխվել, մինչ որոշվեց, թե այն ընդդատյա չէր մարզի դատարանին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 19-ին ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը հանձնվել է վերամակագրման: Գործը 2020 թվականի օգոստոսի 21-ին մակագրվել եւ 2020 թվականի օգոստոսի 25-ին ընդունվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանի վարույթ: 2020 թվականի սեպտեմբերի 2-ին դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ քրեական գործը հանձնվել է վերամակագրման: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին քրեական գործը մակագրվել եւ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունվել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանի վարույթ: Դատավոր Անդրանիկ Սիմոնյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քրեական գործը հանձնվել է վերամակագրման, եւ 2021 թվականի ապրիլի 13-ին մակագրվել, ապա ընդունվել է դատավոր Լուսինե Ալավերդյանի վարույթ: ՀՀ նախագահի՝ 2023 թվականի մարտի 24-ի հրամանագրով Լուսինե Ալավերդյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ քրեական գործը հանձնվել է վերամակագրման, եւ 2023 թվականի մարտի 29-ին մակագրվել, այնուհետեւ՝ մարտի 31-ին ընդունվել է դատավոր Արմեն Պողոսյանի վարույթ: 2023 թվականի մարտի 31-ին դատավոր Արմեն Պողոսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ քրեական գործը 2023 թվականի ապրիլի 5-ին մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին, ապրիլի 6-ին հանձնվել դատավորին եւ նույն օրն ընդունվել վարույթ…
Ըստ գործի նյութերի, Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտ, ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի երկու ատրճանակ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը՝ ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտների հետ միասին տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանին խոշոր չափերով կաշառք: Վահագն Աբգարյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ա. Ծառուկյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության մասին օրենքը, համաձայն օրենսգրքի 6-րդ հոդվածի 12.2 ենթակետի՝ «…հակակոռուպցիոն դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը», ասում է. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջեւ, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Սակայն, մեր այս գործով անցում կատարվել է դատաքննության փուլ, ավելին՝ գրավոր ապացույցների մի մասը փաստացի հետազոտվել է»: Ուստի, ըստ նրա, սույն որոշումը մասնակիորեն չի բխում քրեական դատավարությամբ սահմանված օրինականության սկզբունքից եւ այն չի առաջացնում երաշխիքներ «օրենքի հիման վրա դատարան» ունենալու բացարձակ իրավունքը:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք», ինչն ըստ էության խախտվել է:
Հակակոռուպցիոն դատարանում անդրանիկ դատական նիստը նշանակվել է մայիսի 23-ին, պաշտպանը միջնորդելու է, որ Աբգարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից չտեղափոխեն Երեւանի ՔԿՀ, անվտանգության նկատառումներից ելնելով, ակնարկելով հայտնի մահափորձն իր պաշտպանյալի նկատմամբ:
Պաշտպանը պատրաստում է նաեւ գանգատ ՄԻԵԴ ուղարկելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2023