Հարցազրույց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցեւի հետ:
– Վյաչեսլավ Վասիլեւիչ, անցյալ տարեսկզբին դուք Երեւանի օպերային թատրոնում էիք՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրական աշխատանքները նախաձեռնելու նպատակով։ Հիմա արդեն սկսված են աշխատանքները։ Ռեժիսորները սովորաբար ասում են, որ աշխատանքում շատ բան է որոշում առաջին քայլը՝ նկատի ունենալով ստեղծագործության «արտադրության» սկիզբը։ Ձեզ մոտ այն երկար տեւեց։ Ի դեպ, ռեժիսորի կարիերան սկսել եք 2016-ին՝ Նովոսիբիրսկի թատրոնում, հենց «Տուրանդոտով»։ Կարելի՞ է ենթադրել, որ բեմադրությունը կրկնում եք մեր թատրոնում։ Եվ Նովոսիբիրսկի 78-ամյա, եւ Երեւանի 90-ամյա օպերային թատրոններում փաստորեն առաջին անգամ ձեզ է վստահվել «Տուրանդոտի» բեմադրությունները։
– Նշեմ, որ Երեւանի օպերային թատրոնում չեմ կրկնում Նովոսիբիրսկի բեմադրությունը։ Ռեժիսորի աշխատանքում, միանշանակ, շատ բան է որոշում առաջին քայլը։ Այս օպերայում գործողությունների վայրն ու ժամանակը առասպելական են, իսկ պատմությունն ինքնին տոգորված է միստիցիզմով. ճակատագրական առեղծվածներ, զոհաբերվող սեր, Տուրանդոտի վերածնունդը, ռազմատենչ, կրակոտ, սիրող կնոջ վերածվելը, Պուչինիի երաժշտության առանձնահատուկ գեղեցկությունն ու ձգողականությունը… Ըստ էության՝ այսպիսի մեծ ծեսի առասպելական որոնում…
– Փաստորեն դա՞ է Գոզզիի հեքիաթի արժանիքը՝ որպես հիմնարար սկզբունք։
Կարդացեք նաև
– Գոզզիին հաջողվել է ստեղծել մի տեսակ մետա-սյուժե, որը հուզում է, ինտրիգներ է առաջացնում եւ ձեւավորում հզոր միստիկական ուղերձ։ Ճիշտ է, նշեցի, որ Երեւանում չեմ կրկնելու արդեն իրականացրածս «Տուրանդոտը», բայց, այնուհանդերձ, երկու դեպքում էլ ձգտել եմ գտնել իմ Տուրանդոտը, ոչ թե պատմական, ռեալիստական «զարդանախշերով»՝ ինչպես սովորաբար արվում է, այլ միստիցիզմով։ Ընդ որում, ամենից առաջ անհրաժեշտ է հասկանալ նոր ներկայացման գեղագիտական հայեցակարգը։
– Պուչինիի «Տուրանդոտի» եւ Եվգենի Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» հայտնի ներկայացման միջեւ կա՞ միստիկ կապ։
– Միանշանակ՝ այո։ Դրանք առաջացել են գրեթե միաժամանակ։ Օպերայի գաղափարը Պուչինիի մոտ հղացել է 1919թ. ռեժիսոր Մաքս Ռայնհարդի դրամատիկ բեմադրությունը դիտելուց հետո, իսկ 1920թ. սկսել է գրել օպերան։ Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտը» ստեղծվել է 1922-23թթ.։ Պուչինին այդ օպերան գրել է մինչեւ իր կյանքի վերջը եւ չի ավարտել՝ այնպես, ինչպես Վախթանգովն իր բեմադրությունը։
– Նորի՞ց միստիկա։
– Անկասկած։ 20-րդ դարասկիզբը նշանավորվեց թատրոնում, կերպարվեստում եւ արվեստի մյուս ճյուղերում նոր ուղղությունների ի հայտ գալով։ Արվեստագետներին առաջարկվեց, մեծ հաշվով՝ ավանգարդիզմի գեղագիտությունը, որը կիրառվեց նաեւ բեմական տարածության ձեւավորման նպատակով։
– Տուրանդոտի կերպարը մոնումենտալ է…
– Այո, բայց մի մտահոգվեք. ձեր թատրոնի բեմում Տուրանդոտը կերեւա իր ողջ միստիկ կերպարով։ Սիրո ամենահաղթ ուժի շնորհիվ նա կդառնա բոլորովին այլ մարդ՝ ազատված ֆոբիաներից։ Իսկ օպերայի ֆինալում հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է կերպարանափոխվում Տուրանդոտը։ Կարող եմ փակագծերը փոքր-ինչ բացել. նրա իշխանության կայսերական խորհրդանիշներին կփոխարինեն անկեղծությունը, մտերմությունը…
– Ռուսաստանյան մամուլը անդրադառնալով ձեր բեմադրություններին, նշում է, որ այն առանձնանում է բեմադրության բոլոր բաղադրիչների հավասար կարեւորությամբ՝ գեղեցիկ դեկորացիա, հիասքանչ կոստյումներ, հետաքրքիր լուծումներ, մտածված աշխատանք արտիստների հետ… Եվ այդ ցանկից ոչինչ առանձնացնել չի կարելի, ամեն ինչ ստացվում է գեղարվեստական բարձր մակարդակով։ Գիտենք, որ հատկապես Տուրանդոտի կերպարը պահանջում է ոչ միայն, ինչպես հաճախ նշվում է՝ առանձնահատուկ վոկալ, այլեւ բարձրարվեստ խաղ։ Դուք հավանաբար գտել եք հայուհի Տուրանդոտին, կբարձրաձայնե՞ք ով է նա։
– Սկսեմ վերջից. շատ թատրոններ կերազեին ունենալ այդքան Տուրանդոտներ, որքան ձեր թատրոնում է։ Ես այս պահին անուններ չեմ բարձրաձայնի, բայց կրկնում եմ՝ նրանք ոչ թե մեկ-երկուսն են, այլ մի քանիսը։ Բեմադրական աշխատանքներին մասնակցում են իմ համերկրացի երկու ճանաչված դեմքեր նույնպես՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունեւը եւ տեսանկարիչ Վադիմ Դուլենկոն։ Իհարկե, ներկայացումը կղեկավարի իմ բարեկամ, մեծ մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Պրեմիերան նախատեսվում է ամռանը։ Դեռեւս փորձերն ընթանում են դասարանում, այսինքն՝ չենք սկսել բեմական փորձերը, բայց՝ եթե մաեստրո Դուրգարյան, ուրեմն պետք է միանշանակ բարձրաձայնեմ, որ բեմադրության երաժշտական մասը հուսալի ձեռքում է։ Կուզեի խոսել նաեւ «Տուրանդոտում» զբաղված մյուս երգիչների մասին, բայց քանի որ գլխավոր հերոսուհու անունը չեմ հնչեցրել, այդպես կվարվեմ նաեւ մյուսների դեպքում։ Միայն մի բան ակնհայտ է՝ ձեր թատրոնում ունեք հրաշալի ձայներ, մեկը մյուսին չզիջող։
– Արդեն ասացիք, որ երեւանյան «Տուրանդոտը» Նովոսիբիրսկի կրկնությունը չէ, բայց, այնուամենայնիվ, ասեք խնդրեմ՝ օպերան բեմադրվում է ժամանակակի՞ց ռեժիսուրայով։
– Կարծում եմ, որ այսօր դասական հայեցակարգն ավելի ավանգարդ է թվում, քան ամենաարտասովոր եւ անկանխատեսելի լուծումը։ Օպերային ներկայացման մեջ ոչինչ չպետք է «քանդի» երաժշտությունը, ասենք՝ բեմանկարչությունը պետք է ավելի ընդգծի այն եւ օգնի, որ երաժշտությունը դառնա թատրոն։ Իսկ իմ աշխատանքներում երաժշտական դրամատուրգիայի մեջ խորանալը ինձ հուշումներ է տալիս կառուցելու իմ պատմությունը, պատմություն, որն ուզում եմ պատմել հանդիսատեսին։
– Դուք նաեւ Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորն եք…
– Ոչ թե ռեկտորն եմ, այլ առայժմ ռեկտորի պարտականություններ կատարողը։ Ի դեպ, դա ինձ վստահվել է այս տարվա մարտի 23-ից։ Տեղեկացնեմ, որ վերջերս Երեւանում մասնակցեցի ռուս-հայկական մշակութային ֆորումի, որտեղ ծանոթացա Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննեսովնայի հետ եւ տպավորված եմ ֆորումի օրերին մեր շփումներով։ Արդեն կոնսերվատորիաների համագործակցության պայմանավորվածություն ունենք, ինչի առիթով աշխատանքները կսկսենք ամենամոտ ապագայում։
– Վյաչեսլավ Վասիլեւիչ, դուք մինչ պաշտոնների ստանձնումը հանդիսացել եք ճանաչված ռեժիսոր Դմիտրի Բերտմանի ղեկավարած «Գելիկոն-Օպերա»-ի մեներգիչ եւ ռեժիսոր նույնպես, եթե չենք սխալվում՝ 2002 թվականից…
– Չէի ցանկանա այդքան հեռու գնալ, մանավանդ երգչական կարիերայի «մասով»։ Այո, 2006թ. ավարտել եմ ԳԻՏԻՍ-ը՝ որպես երաժշտական թատրոնի դերասան, ապա 2009թ.՝ որպես ռեժիսոր։ Այդ հաստատությունն է ավարտել նաեւ ձեր հայրենակիցը՝ օպերային թատրոնի ռեժիսոր Վահագն Բագրատունին, որը 1974-88թթ. հանդիսացել է Նովոսիբիրսկի օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորը (Վ. Բագրատունին Երեւանի օպերային թատրոնում այդ պաշտոնը վարել է 1967-74թթ.)։ Մեր թատրոնում հայազգի ռեժիսորը իրականացրել է 40 օպերային ներկայացում եւ թատրոնի թանգարանում պահվում է ու հարկ եղած դեպքում ներկայացվում նրա գործունեության մասին պատմող նյութեր, հոդվածներ, լուսանկարներ…
– Ռուսաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ ձեր բեմադրությունների թիվը 70 է։
– Այդ թիվը վերաբերում է իմ ե՛ւ դրամատիկ, ե՛ւ օպերային ներկայացումներին։
– Կուզեինք մանրամասն անդրադառնալ ձեր աշխատանքներին, որ իրականացրել եք եւ «Գելիկոն-Օպերայում», եւ Գալինա Վիշնեւսկայայի օպերային երգեցողության կենտրոնում, խոսել Վերդիի «Պարահանդես- դիմակահանդես» եւ «Ֆալստաֆ» բեմադրությունների մասին, որոնք տեղ են գտել հեղինակավոր «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխության երկացանկում, խոսել ռուսաստանյան ֆիլմերի մասին, որոնցում աշխատել եք երաժշտական տեսարանների վրա, բայց ժամանակը սուղ է, շտապում եք փորձի։ Մեզ մնում է հաջողություն ցանկանալ ձեզ «Տուրանդոտի» աշխատանքներում։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2023