Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիաննա Գեւորգյանը՝ հնդկական անակնկալի եւ տաջիկ կոմպոզիտորի պրեմիերայի մասին

Մայիս 12,2023 12:30

Սիրված քանոնահար, միջազգային մրցույթների հաղթող Մարիաննա Գեւորգյանը նոր է վերադարձել Հնդկաստանի Կեռալա նահանգի Կոչի քաղաքից:

«Այնտեղ հանդես եմ եկել իմ ազգային նվագարան քանոնով, ներկայացրել եմ բացառապես ազգային երաժշտություն: Մենահամերգը կազմակերպվել էր EXPO 2023-ի շրջանակում՝ Հնդկաստանի կառավարության կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց երաժիշտը:

«Նվագեցի հնդիկ երաժիշտների հետ տաբլա՝ Մահեշ Մանի, հարվածային գործիքներ՝ Ջիշնու Վարմա եւ ստեղնաշարային գործիք՝ Ռոհիդ Կրիշնա: Որպես բարեկամական քայլ, նաեւ հնդկական մի երգ նվագեցի, որը կատարեց երգչուհի Ամրիտա Ռաջան:
Նախատեսված մեկժամյա ծրագիրը երկարաձգվեց եւս կես ժամ, հանդիսատեսը չէր հեռանում ու բաց չէր թողնում մեզ, իսկ համերգից հետո մարդիկ մոտենում էին ծանոթանում, նկարվում ու շնորհակալություն հայտնում: Ինձ համար անակնկալ էր, երբ համերգի ավարտին բեմ բարձրացան Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները եւ ինձ շնորհեցին հատուկ մրցանակ: Երաժշտության միջոցով փորձեցի նրանց մտովի Հայաստան տեղափոխել: Կարծում եմ՝ հաջողվեց, դրա համար էլ խոստացան, որ մայիսին կգան Հայաստան»,-ասաց Մարիաննա Գեւորգյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մի յուրահատուկ պրեմիերայի՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր, դիրիժոր, Տաջիկստանի ժողովրդական արտիստ Տոլիբխոն Շախիդիի Կոնչերտո Գրոսո՝ քանոնի, ջութակի ու կամերային նվագախմբի համար ստեղծագործության պրեմիերան, նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ի դեպ, տաջիկ կոմպոզիտորը եղել է Արամ Խաչատրյանի սիրելի սաներից մեկը:

Համերգին բեմում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը, քանոնի մենանվագը վստահված էր Մարիաննա Գեւորգյանին, ջութակահարն էր՝ վիրտուոզ երաժիշտ Կարեն Շահգալդյանը, իսկ դիրիժորական վահանակի մոտ էր Մաքսիմ Նովիկովը:

Տոլիբխոն Շախիդին հետաքրքիր դրվագներ պատմեց՝ Արամ Խաչատրյանի հետ կապված: Հայ մեծանուն կոմպոզիտորը նրան որակել էր տաղանդավոր ուսանող եւ պատգամել. «Հիշիր, դու ստեղծագործելիս պետք է պահես քո ազգային դիմագիծը»: Տաջիկ երաժիշտն ասաց, որ առայսօր հետեւում է Արամ Իլյիչի խորհրդին ու ինքն էլ նույնը մշտապես մաղթում է բոլոր երաժիշտներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031