Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մերժելու Վաշինգտոնյան փաստաթուղթը

Մայիս 12,2023 12:00

Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Մոսկվայի եւ Վաշինգտոնի առաջարկների հիմնական սկզբունքները. ո՞վ է Հայաստանից միջանցքներ պահանջում

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստան-Արեւմուտք առճակատման ամենացայտուն հարցերից է դարձել, եւ մրցակցությունը դառնում է ավելի ու ավելի շոշափելի: Հայաստանի իշխանություններն առայժմ հանրությանը ներկայացնում են կիսաճշմարտություններ եւ խուսափում են հստակեցնել, թե ինչ են առաջարկում Ռուսաստանն ու Արեւմուտքը Հայաստանին եւ Ադրբեջանին:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ամենակարեւոր հարցերում առաջընթաց չկա. այդ հարցերը վերաբերում են ՀՀ սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի արձանագրմանը, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի, ինչպես նաեւ միջազգային երաշխիքների ստեղծմանը, մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ապա անդրադառնալով Վաշինգտոնում օրերս կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին, նա չի բացել փակագծերը, նկատելով միայն` թեպետ որոշ հարցերում որոշակի առաջընթաց գրանցվել է, սակայն դրանք ամենահիմնարար հարցերը չեն։

Ինչպես հիշում ենք, մայիսի 3-ին, երբ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններ էին ընթանում, ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, պնդելով, որ անակնկալներ չկան, սակայն քիչ անց նաեւ նկատեց` «կարգավորման առաջարկ Արեւմուտքից Հայաստանը չի ստացել, իսկ ռուսական տարբերակը Երեւանը ընդունում է»։

Սա Արեւմուտքի ուղղությամբ միակ տարօրինակ մեղադրանքը չէր: Մայիսի 3-ին, երբ դեռ Վաշինգտոնում շարունակվում էին ամերիկյան հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունները, Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ թեեւ արձանագրեց, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, սակայն մեկ այլ ուշագրավ մեկնաբանությամբ հանդես եկավ, նշելով, թե ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիք չի տալիս, բայց կարող է` «նոր մարտահրավերներ ստեղծել…»:

Փաստը, որ Վաշինգտոնում 4 օր բանակցություններ էին ընթանում, դա արդեն բավարար է արձանագրելու, որ կողմերը բանակցային հարուստ օրակարգ են ունեցել, կոնկրետ առաջարկներով ու փաստաթղթերով, ու հենց այդ օրերին, Փաշինյանը թեթեւ «անցումներով» Մոսկվային հավատարմության ժեստեր է անում. մեկ հայտարարելով` «կարգավորման առաջարկ Արեւմուտքից Հայաստանը չի ստացել, իսկ ռուսական տարբերակը Երեւանը ընդունում է», ապա ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը «նոր մարտահրավերներ ստեղծող» է անվանում:

Ի՞նչ էր ուզում սրանով Փաշինյանը Մոսկվային հասկացնել…. Որ պատրա՞ստ է մերժել Վաշինգտոնյան փաստաթուղթը:

Նկատելով, որ Փաշինյանը հանրությունից թաքցնում է Արեւմուտքի առաջարկների կարեւոր դրույթներ, որոնք կարող են հայկական կողմի համար ընդունելի լինել, Վաշինգտոնի բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը կարեւոր արտահոսք իրականացրեց: Մայիսի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում «Ամերիկայի ձայնին», հայտնելով, թե քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ` «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»:

Սակայն մեկ օր անց արդեն Պետդեպի աղբյուրը փաստացի հերքում է նախորդ «Ամերիկայի ձայնի» պետդեպի աղբյուրի տարածած տեղեկությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունից՝ «Ազատության» հետեւյալ հարցին, թե արդյոք Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր, պատասխանում են, որ պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երեւանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, պատասխանել էին: Պետքարտուղարության խոսնակը շեշտում է՝ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում» ու հավելում է, որ Միացյալ Նահանգները աջակցում է` «երկարատեւ, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։

Այս խիստ կարեւոր արձանագրումը` «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում», թվում էր, թե պաշտոնական Երեւանի կողմից որպես հաղթաթուղթ պետք է ներկայացվեր, սակայն հայկական կողմն անհասկանալի զգուշավորություն ցուցաբերեց վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի ու հնչեցված հրապարակային հայտարարություններից հետո անգամ:

Ի դեպ, պակաս կարեւոր չէր Ադրբեջանի նախագահի արձագանքը վաշինգտոնյան բանակցությունների օրերին: Նա նախ հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները «եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կապահովեն»։ Մայիսի 3-ին Ալիեւն անսպասելիորեն հանդես է գալիս մեղմ հայտարարություններով` հույս հայտնելով, որ «խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երեւանը խոհեմություն կցուցաբերի»։ «Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա խաղաղություն չի լինի: Կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, մենք դա գիտենք պատմությունից։ Բայց դա լավ չի լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ տարածաշրջանի, եւ, իհարկե, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք խոհեմություն կցուցաբերեն»,- ասել է Ալիեւը։ Այնուհետեւ նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում ցուցաբերելու հույս ունի. «Եթե ոչ, ապա դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Խաղաղություն, կոմունիկացիաներ չեն լինի, եւ նրանք կրկին մեկուսացված կլինեն»։

Ուշադրության է արժանի Ալիեւի հետեւյալ միտքը. «Եթե ոչ, ապա մենք դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Դա մեզ բավական է։ Հետեւաբար, խաղաղություն, ազատ շփումներ չեն լինի, եւ նրանք կրկին մեկուսացված կլինեն…»: Ալիեւն, ըստ էության, վաշինգտոնյան  բանակցությունների ֆոնին հստակ ուղերձ է հղում աշխարհին, որ` «պատերազմ չի սկսելու», միայն դիվանագիտական ջանքերի կողմնակից է, իսկ եթե Հայաստանը չհամաձայնի, դե ինչ արած` թող մեկուսացած մնան…

Ի՞նչ կարելի է եզրակացնել Ալիեւի վերոնշյալ մտքերից: Այն, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի իշխանությունը ենթարկվել է ճնշումների, որպեսզի ոչ միայն վերջ տրվի Բաքվի ագրեսիվ հայտարարություններին, այլ հրապարակային պաշտոնական Բաքուն հայտարարի, որ պատերազմ չի սկսելու: Այսինքն, Վաշինգտոնը բանակցություններին զուգահեռ ապահովել էր հիմքեր, որպեսզի այդ բանակցությունները չտապալվեին:

Սակայն Վաշինգտոնի քառօրյա բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն չընդունվեց, համատեղ մամլո ասուլիս չանցկացվեց, ինչը թուլ է տալիս ենթադրել, որ բանակցությունների կազմակերպիչների ակնկալիքները, գոնե այդ ռաունդում, չեն արդարացել, իսկ դրանից կարելի է արդեն եզրակացնել, որ կողմերը, կամ կողմերից մեկը օգտվել է` «ոչ» ասելու իրավունքից:

Վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո Արեւմուտքի ջանքերն ինտենսիվորեն շարունակվում են: Օրերս հայտնի դարձավ, որ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հյուրընկալելու է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիեւին: The Financial Times-ին հանդիպումը նախապատրաստող պաշտոնյաներից մեկն ասել էր, թե բրյուսելյան հանդիպումն առաջընթացի կարեւոր նշան է՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի քառօրյա բանակցություններից հետո Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ջանքերը փոխադարձ ամրապնդում են՝ միմյանց լրացնող երկկողմանի գործընթացներով: Բացի այդ, երեք առաջնորդները հունիսի 1-ին եւս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակն արդեն հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Եվրոպական խորհուրդը եւս հաստատել է, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաեւ հնգակողմ հանդիպում անցկացնել Շոլցի եւ Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում:

Վստահ կարելի է կանխատեսել, որ վաշինգտոնյան փաստաթուղթը Փաշինյանի եւ Ալիեւի սեղանին է լինելու նաեւ Բրյուսելում, եւ այն հարցերը, որոնց վերաբերյալ երկրների արտգործնախարարները կարող էին ունենալ, կամ ցույց տալ, որ ունեն վերապահումներ, դրանց վերաբերյալ վաշինգտոնյան բանակցությունների կազմակերպիչները կողմերին կարող են առաջարկել ավելի հստակ ձեւակերպումներ, լուծումներ:

Նկատենք, որ Միացյալ նահանգների Պետդեպարտամենտն իր հերթին ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը` արձանագրելով. «Սա կարեւոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը Վաշինգտոնի բանակցություններից հետո»: Իհարկե, այս պահին, պաշտոնական Վաշինգտոնն արձանագրում է, որ անցած շաբաթ կայացած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում. «Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների եւ ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության եւ փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է»։

Թեեւ, Ալիեւը վաշինգտոնյան բանակցություններն, ընդհանուր առմամբ, դրական լույսի ներքո ներկայացրեց, ավելի դրական` քան Հայաստանի իշխանությունները, սակայն հատկանշական է, որ Բաքվի գլխավոր դաշնակից Թուրքիայից Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններին հստակ բացասաբար են վերաբերվում, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը: Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է` «Արեւմուտքը մտահոգված է Ղարաբաղում ծածանվող ադրբեջանական դրոշով»: Նրա խոսքով՝ «արեւմտյան որոշ երկրներ դեմ են արտահայտվել Ադրբեջանի կողմից իրենց հողերի ազատագրմանը», եւ Ղարաբաղում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման «Արեւմուտքի դատապարտումը կապված է հենց դրա հետ», ասել է նա` հավելելով. «Միեւնույն ժամանակ նրանք խրախուսում են մեր սարքավորումների օգտագործումը Ուկրաինայում»։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Ռուսաստանն ինչպե՞ս է հանդուրժում թուրքական անօդաչուների կիրառումը ընդդեմ ռուսական բանակի, բայց սա ինչպես ասում են` քննարկման այլ թեմա է:

Հավելենք նաեւ, մայիսի 9-ին Չավուշօղլուն Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել։ Անթալիայում ձեռներեցների հետ հանդիպմանը նա նշել է` «թյուրքական ճանապարհն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպությամբ, Զանգեզուրով, Ղարաբաղով»։

Բրյուսելում մայիսի 14-ին կայանալիք բանակցություններից առաջ վատ չէր լինի, եթե Փաշինյանը հանրությանը ներկայացներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջարկների հիմնական սկզբունքները, որպեսզի Հայաստանի եւ Արցախի հասարակությունները, ինչու չէ` ողջ հայությունը, կարողանար վերլուծել այդ առաջարկների տարբերությունները, հասկանար, ի վերջո, թե Մոսկվան ու Արեւմուտքը ինչ են ակնկալում պաշտոնական Երեւանից:

Մասնավորապես` ո՞վ է Հայաստանից միջանցքներ պահանջում, ո՞վ է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը համարում առանցքային, եւ որ միջնորդն է Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու անվտանգությունն անտեսում:

Հայտնի էր, որ ժամանակին ռուսական առաջարկներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում էր ապագային, եւ դա Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մեծ ձեռքբերում էր համարում, սակայն հիմք ընդունելով պաշտոնական Մոսկվայից հնչող վերջին շրջանի հայտարարությունները` տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, դելիմիտացիայի իրականացման պահանջների մասին, կարելի է վստահ արձանագրել, որ ԼՂ-ի ապագայի հարց Մոսկվան այլեւս չի դիտարկում, ռուսական կողմի համար օրակարգային առաջնային լուծման կարոտ հարցերը` միջանցքների գործարկումն է` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն եւ անկլավների վերադարձը:

Եթե Հայաստանի իշխանությունները հանրությանը չեն ներկայացնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջարկների հիմնական կետերը, ուրեմն Փաշինյանի իշխանությունը շարունակելու է նոր զիջումների ու ձախողումների իր քաղաքականությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031