Ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը «Հայելի» ակումբում խոսելով այսօր Սոթքում ադրբեջանցիների սանձազերծած ռազմական գործողությունների մասին՝ ասաց․ «Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում նման բախումներ հրահրելով՝ ադրբեջանցիները փորձում են մեր ժողովրդին վախեցնել նոր պատերազմով, որպեսզի եթե Նիկոլը ստորագրի խաղաղության համաձայնագիր՝ թողնելով Արցախը Ադրբեջանի կազմում, հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները Նիկոլի դեմ չընդվզեն»։
Անդրադառնալով նրան, որ օրերս Ալիեւը չգնաց Մոսկվա՝ զորահանդեսին մասնակցելու, Պուտինին հանդիպելու, պարոն Բազեյանն ասաց․ «Նա ցույց էր տալիս, որ ինքն անկախ է, որ ունի հզոր դաշնակից, ինչպիսին է Թուրքիան, ցույց տալու, որ իր թիկունքում կանգնած է Արեւմուտքը։
Ուզում են բերել Վրաստանի օրինակը։ Վրաստանը սրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա հետեւանքով կորցրեց Հարավային Օսեթիան եւ Աբխազիան։ Այսօր էլ կորցնում է Աջարիան, որի կեսն արդեն Թուրքերն են։ Մեր իշխանությունները սրեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Յուրի Խաչատուրովի դեմ, քրեական գործ հարուցեցին։ Նրան փոխարինեց Զասը, որը Բելառուսի ներկայացուցիչն է։ Իսկ մենք գիտենք, որ Լուկաշենկոն Ալիեւի մտերիմն է։
Եթե հիշում եք, 2016 թվականին Ադրբեջանը փորձեց հետախուզական մի պատերազմ սկսել՝ Քառօրյա պատերազմը։ Տեսավ, որ չեն կարող որեւէ բան անել, դիմադրությունը հզոր է, եւ դադարեցրին այդ պատերազմը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, քանդեց բանակը, վաստակաշատ զինվորականների հանդեպ հարուցեց քրեական գործեր։ Ադրբեջանցիք հասկացան, որ կարող են պատերազմել եւ 44-օրյա պատերազմում մենք կրեցինք պարտություն։ Պարտության գլխավոր պատճառը գերագույն գլխավոր հրամանատար հռչակված Նիկոլ Փաշինյաննի քաղաքականությունն է։
Եթե ձեւավորվի նոր իշխանություն, նոր իշխանությունն ամեն ինչ կուղղի բանակի հզորացմանը, որովհետեւ մենք գտնվում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը մեր բանակն է, որոշ չափով նաեւ՝ ԱԱԾ-ն»։
Ալբերտ Բազեյանի համոզմամբ, նախագահի ինստիտուտը միանգամայն ավելորդ է, որովհետեւ հսկայական գումարներ են ծախսվում այդ կառույցի պահպանության, կոմունալ ծախսերի, աշխատավարձ վճարելու եւ Վահագն Խաչատուրյանի արտասահմանյան վոյաժների համար։ «Նա դեմք չունի։ Ինչ դեմ տան, ստորագրելու է»,-ասաց բանախոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ