Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն տելեգրամյան «Armenian Life» ալիքով պատասխանել է հետեւորդների հարցերին:
Հարց- Պատրաստվո՞ւմ եք քաղաքական գործունեությունը շարունակել Հայաստանում։
Ռուբեն Վարդանյան- Դուք ապրում եք պատրանքներով ու չեք գիտակցում, որ այստեղ՝ Արցախ է ժամանում 10-20 սննդամթերքով մեքենա 400 մեքենայի փոխարեն, որոնք ամեն օր Հայաստանից գալիս էին: Շրջափակման մեջ է մոտ 30.000 մարդ՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Դուք ինչի՞ մասին եք խոսում, Դուք հասկանո՞ւմ եք, որ մարդիկ, որոնք ապրում են իրենց հողում, վերանալու վտանգի տակ են: Մենք Արցախը ամբողջապես կորցնելու վտանգի տակ ենք, որտեղ մենք ունենք ահռելի մշակութային ու պատմական ժառանգություն:
Ինչի՞ մասին հիմա կարող ենք մտածել՝ քաղաքականությո՞ւն, բիզնե՞ս…: Դուք պետք է գիտակցեք, որ մենք ապրում ենք տարբեր աշխարհներում: Դուք ապրում եք մի աշխարհում, որտեղ շատ բաներ են տեղի ունենում, բայց որտեղ քիչ թե շատ կյանքը բնականոն է: Մենք ապրում ենք լիակատար շրջափակման մեջ: Հասկացեք՝ մենք խոսում ենք երկու տարբեր աշխարհների մասին: Մեր ապրած աշխարհում՝ մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Պայքարում ենք այստեղ մեր երեխաներին մեծացնելու իրավունքի համար, իսկ մնացած ամեն ինչն այնքան երկրորդական է… այն ամենն, ինչ քննարկում եք՝ քաղաքականություն, այլ բաներ, դրանք չեն օգնում Արցախին, դրանք անիմաստ են: Այստեղ կա կյանքի ու մահվան հարց»:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը բոլոր հայերին կոչ արեց նաեւ պահի լրջությունը գիտակցել: Նա հիշեցրեց, որ երբ անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում էր Սարդարապատի ճակատամարտի հետ, հենց այնպես չէր ասում: «Մենք կանգնած ենք աղետի եզրին: Եթե մենք միասին սա չգիտակցենք ու չանենք ամեն ինչ ու ամեն օր, ինչպես կկարողանանք օգնել Արցախի պահպանմանը, որ այստեղ շարունակեն ապրել մարդիկ , կարողանան մեծացնել իրենց երեխաներին եւ ապրել նորմալ կյանքով»,- հավելեց Վարդանյանը: