Հանուն հայկական Արցախի ստորագրահավաքը վերսկսվել է, այս անգամ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից բացի նաեւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ։
Aravot.am-ը շարունակում է հետեւել ստորագրահավաքի ընթացքին։ Այսօր եղանք երկու հասցեներում էլ ու արձանագրեցինք, որ մարդկանց ակտիվությունը մեծ է։ Ստորագրելու գալիս են բոլորը՝ թոշակառու, միջին տարիքի ու երիտասարդ: Եվ ժամանակ առ ժամանակ հերթ է գոյանում։ Մենք այսօր նկատեցինք, որ բավականին ակտիվ են նաեւ այլազգիները։ Ստորագրահավաքն իրականացնող երիտասարդները մեզ ասացին, որ քիչ չեն արտասահմանցիները, որոնք մոտենում են, հետաքրքրվում, թե ինչի համար է ստորագրահավաքը ու մասնակցելու ցանկություն հայտնում։ Բայց, ավաղ, կան նաեւ Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբեր մեր հայրենակիցներ։ Ու բարեբախտաբար, այդպիսիք շատ չեն։
Ազնավուրի հրապարակում մի քաղաքացի, որ իր խոսքով եկել էր մարզից, մեր հետ զրույցում ասաց․ «Ինչպե՞ս կարող եմ անդարդ իմ տանը նստել, երբ Արցախի ֆիզիկական գոյությունն է արդեն վտանգված։ Դեռ չեմ խոսում Հայաստանի մասին։ Այսօր վաղ առավոտից մի քանի ժամ ադրբեջանցին կրակի տակ է պահել Սոթքի դիրքերը եւ սահմանին անմիջապես մոտ բնակավայրերը։ Սա ի՞նչ է նշանակում։ Թշնամու խնդիրը միայն Արցախը չի։ Նա ուզում է Սյունիքը, Վայքը, Սեւանի արեւելյան ափը, Տավուշը՝ Հայաստանի արեւելյան սահմանները։ Վերջում էլ Երեւանն է զավթելու ու պըրծ։ Պետք է ազգովի թշնամու դեմն առնենք։ Ուրիշ ձեւ չկա։, Թե չէ, մի օր էլ ստիպված ենք լինելու հանուն հայկական Հայաստանի ստորագրահավաք կազմակերպել։
Կարդացեք նաև
Ստորագրահավաքի կազմակերպիչներն այս անգամ էլ դժվարացան ասել, թե որքան կկշարունակվի այս նախաձեռնությունը, որի նպատակը հնարավորինս շատ ստորագրություն հավաքելն է, որը ուղարկվելու են միջազգային կառույցներ, Հայաստանում գործող դեսպանատներում միջազգային կազմակերպություններ՝ ցույց տալու, որ արցախցին իր հողում ամուր կանգնած է ու անկոտրում է, ապացուցելու, որ Հայաստանում էլ ժողովուրդը Արցախի կողքին է եւ բացառում է Արցախը Ադրբեջանին հանձնելը, որքան էլ իշխանությունը տանում է դրան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ