Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիսակառույցները փչացնում են Գյումրու տեսքը․ 124-ը՝ հասարակական նշանակության են

Մայիս 11,2023 21:40

Գյումրիում 2002-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում հաշվառվել են 124 կիսակառույցներ, որոնք հասարակական նշանակության են։ Դրանք քաղաքի տարբեր հատվածներում են, հիմնականում՝ կենտրոնական։

Գյումրու քաղաքապետարանի կողմից տրվել է շինթույլտվություն, սակայն սեփականատերերը ավարտին չեն հասցրել։ Դրանք աղավաղում են քաղաքի տեսքը։

Այսօր այս մասին ավագանու նիստի ժամանակ Գյումրի համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու և մեկնարկային գներ սահմանելու հարցը քննարկելիս՝ բարձրաձայնեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա նշեց, որ հունիսի 1-ից այդ գործերը կներկայացվեն կադաստրի բազա, գույքահարկ կվճարեն։

«Իսկ ինչ մնում է հետևողական լինելուն, մենք ինչ-որ տարբերակ պիտի մտածենք, որ սկսեն, կիսատ չմնա, քաղաքի էս տեսքը մեզ համար ընդունելի տարբերակ չէ․ կիսակառույցներ տարբեր տեղերում տեսնում ենք։ Մենք պիտի կառուցապատողին կարողանանք պարտադրել, բացատրել, որ մեր քաղաքը էսպիսի տեսք չունենա»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Խոսակցությունը սկսվեց ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի այն հարցից, թե երբ շինթույլտվություն են վերցնում, քաղաքապետարանն ի՞նչ վերահսկողական գործողություն է կատարում, որ դրանք ավարտին հասցվեն։

«Մեր դիտարկումներով, թեև բոլորս էլ գիտենք , նույնիսկ կենտրոնական հատվածում շենք-շինություններ ունենք, որոնք երկրաշարժից հետո են կառուցվել և ավարտականը չկա։ Քանի դեռ ավարտականը չկա, մենք ի՞նչ գործողություններ են արել, անում ենք, թե՞ չենք արել, այսինքն տույժ-տուգանք կիրառվո՞ւմ է»,-հարցրեց Վարդևան Հակոբյանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ պարզաբանեց, որ տույժ-տուգանքի ենթարկելու իրավունքը, ըստ էության, քաղաքապետարանին չի պատկանում։

«Երբ հողամասը ձեռք է բերում տվյալ սուբյեկտը, սեփականության իրավունքով է ձեռք բերում և սեփականության իրավունք ամենապաշտպանված իրավունքներից մեկն է։ Դա անպայման դատական կարգով պիտի լինի, որը երկար պրոցես է։

Երբ որոշում են կայացնում հողը հանձնելու մասին, պայմանները դնում ենք՝ ինչքան ժամանակում են նախագիծ պատվիրելու, ինչքան ժամանակում են կառուցելու, ավարտելու, բայց այդ բոլորը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները չեն, որ կարողանա այդ բոլորը վերահսկել։

Երբ մենք տալիս ենք շինթույլտվություն կառուցապատելու, հստակ նշվում են ժամկետները, կառուցման չափորոշիչները, եթե ժամկետում չի ավարտում, զգուշացնում են նրան, որ ժամկետը մոտենում է։ Եթե որոշակի պատճառներով չի հասցրել կառուցել, պատճառները տարբեր կարող են լինել՝ այդ թվում ֆինանսական, մենք երկարացնում ենք ժամկետը։ Իսկ եթե նա չի զգուշացնում, ապա օրենքը թույլատրում է, որ նրա նկատմամբ տուգանքներ կիրառենք»,-պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը։

Վարդևան Հակոբյանը խնդրեց, որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը մշտապես տեղեկացնի՝ ինչ գործողություններ է կատարում, քանի որ, ըստ նրա, եթե մարդը զգա վերահսկում են,տույժ-տուգանքներ է վճարելու, գործողություններ կկատարի, իսկ սա բխում է քաղաքի շահերից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031