Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ոստիկանությունն էլ շատ լավ պատկերացնում է, որ առաջին ատյանի դատարանով այս ամենը չի ավարտվի»․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի գործի մասին

Մայիս 11,2023 18:40

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը մերժեց Սամվել Վարդանյանին մեկուկես ժամով ձերբակալելու որոշման դեմ բողոքը։

Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց՝ ավելի է կարևորում ոչ այնքան որոշման կայացումը, որքան դատական նիստը։  Այն տևեց մեկ ժամից ավելի։ Ներկայացել էր այն ոստիկանը, որն իրականացրել էր ձերբակալումը՝ կարմիր բերետավորը, բաժնում կազմել էր փաստաթղթերը, այդ թվում զեկուցագիրը, ձերբակալման արձանագրությունը։ Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Շատ կարևոր  դատական նիստ էր։ Մանրամասն հարցեր ուղղեցինք ինչպես ես, այնպես էլ դատավորը, և պատասխանները շատ մեղմ ասած համոզիչ չէին։ Ոչ միայն համոզիչ չէին, այլև հակասական»։

Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէր դատարանի այս որոշումը։ Այս առիթով ասաց․ «Բոլորովին նոր ուղղություն է մեր իրավաբանության մեջ։ Որքան հասկանում եմ՝ այդքան կարճաժամկետ  ձերբակալումներ ազատությունը վերականգնելուց հետո՝ մեկուկես ժամվա մասին է խոսքը, մեր պրակտիկայում երևի թե չեն էլ եղել։ Մենք սա դիտելու ենք՝ որպես ռազմավարական դատավարություն, պարտադիր գնալու ենք Վերաքննիչ, Վճռաբեկ, եթե կարիք լինի նաև Եվրոպական դատարան։ Մեր խնդիրը մեկն է ՝ունենալ իրավաբանություն, երբ ոստիկանությունը չկարողանա կամայական որոշումներ կայացնել և  չունենա համոզմունք, որ իր կամայական որոշումների համար որևէ ատյան չկա, որտեղ նրանք պետք է պատասխան տան։ Այս գործը նաև ինչ-որ առումով ուսումնական ձեռնարկ է՝ հատկապես դատավորի և ոստիկանության ծառայողի հարցուպատասխանը։ Սա շատ կարևոր վարույթ է»։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ եթե փաստաթղթային մակարդակով տասը միավոր էր իրենց վստահությունը, այսօրվա հարցաքննությունից հետո դա դարձել է հարյուր։

Ռուբեն Մելիքյանը նշեց՝ դատական նիստի ժամանակ ոստիկանին հարցրել է՝ ի՞նչն է ձեզ կասկածելի թվացել Սամվել Վարդանյանի մոտ, նա պատասխանել է․ «Ոստիկանն ասում է՝ իր մոտ պայուսակ կար։ Լավ, պայուսակ կար, իսկ հետո՞։ Հետո, երբ նրան փորձում էինք կանգնեցնել, մի քանի քայլ առաջ գնաց և չենթարկվեց մեր ասածին։ Դրա համար մենք հետևից գնացինք և կանգնեցրինք։ Շատ լավ, բայց այդ երկրորդը հետո է առաջացել, դուք ինչո՞ւ եք փորձում կանգնեցնել։ Ստացվում է, որ միայն պայուսակն է։ Մի արտահայտիչ օրինակ բերեցի, կան նաև այլ օրինակներ»։

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ նաև հարցրեցի՝ արդյոք իրավունքները բացատրվե՞լ են Սամվել Վարդանյանին, թե՝ ոչ, արդյոք նա առաջին իսկ պահից տեղեկացվե՞լ է, թե նա ինչի համար է ազատությունից զրկվում․ «Այստեղ հարցերը շատ են։ Ավելի հանգամանալից կանդրադառնամ, երբ ստանամ դատարանի որոշումն ամբողջությամբ։ Բովանդակային փաստարկներ չեմ բերի մինչև չստանամ դատարանի որոշումը»։

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ ցավում է, ոստիկանության ներկայացուցիչը միայն ոստիկանն էր։ Նա խորհուրդ տվեց ոստիկանությանը ներգրավել նաև իրավաբանների։ Այնուհետև եզրափակեց․ «Կարծում եմ՝ ոստիկանությունն էլ շատ լավ պատկերացնում է, որ առաջին ատյանի դատարանով այս ամենը չի ավարտվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031