ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։
«Դիվանագիտական աշխատանքը մշտապես պետք է շարունակել, որովհետեւ այնտեղ, որտեղ ավարտվում է դիվանագիտությունը, այնտեղ պատերազմ է սկսում։ Լսելով այսօր Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ կարծես թե ինքն ընդդիմադիր է դարձել։ Ինքը խոսում է նույն այն լեզվով, ինչ մենք արդեն 2,5 տարի զգուշացնում էինք՝ պետք չէ գնալ կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել, որովհետեւ դա ադրբեջանցիների եւ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից խաբկանք է։ Իրենք ասել են, որ գալիս է խաղաղության դարաշրջան, բայց մենք իրականում տեսնում ենք, որ ոչ մի խաղաղություն չկա։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ամեն ինչ անելու է, որպեսզի ճնշելով հասնի իր նպատակներին»,- ասաց Օհանյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել էր․ «Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել: Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման:»
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ